Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Մամիկոն Խաչատրյանն արժանացավ բրոնզե մեդալի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը վաստակեց 15.000 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը, վաստակելով 14.900 միավոր, զբաղեցրեց երրորդ տեղը:
Նախորդ տարի Մանուկյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալը: Եվրոպայի 2027 թվականի առաջնությունը կկայանա Երևանում:




























