ԳԻԶԻՐՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՎԻՇԱՊՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում ամփոփում են անցնող տարին: Մարզային իշխանությունները 2011թ-ն ընդհանուր առմամբ համարում են հաջողակ տարի, մասնավորապես գյուղատնտեսության տեսանկյունից: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն առանձնացնում է նաեւ այն ներդրումները Շիրակի մարզում, որոնց շնորհիվ տեղի են ունեցել դպրոցաշինական, ճանապարհաշինական աշխատանքներ: 2011թ-ին 35 միլիարդ դրամի ներդրում է կատարվել Շիրակում: «Բոլոր 16 համայնքներում պետք է աշխատենք գոնե 1 ծրագիր իրականացնել հաջորդ տարի, բայց  հիմնական մասը գնալու է  Գյումրի քաղաքի երկրորդական ճանապարհների վրա: Երկրորդ քաղաքն է, բայց երկրորդական ճանապարհներն այստեղ  ահավոր  վիճակում են»,-նշեց Աշոտ Գիզիրյանը:
Չգիտես ինչու, մարզպետին զարմացնում է այն հանգամանքը, որ մարդիկ անընդհատ դժգոհում են: Նա չի կարող հասկանալ, թե դա ինչու է այդպես: Համեմատում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ: Ասում է` թեեւ այնտեղ մարդիկ անցել են պատերազմի բովով, բայց բնակիչներն այդքան չեն դժգոհում, որքան այստեղ: «Փառք Աստծո, ահագին բան արվել ա, ա՛յ էդ մեկը մենք չենք ուզում ասենք: Մարդիկ կան, որ միայն վատն են նշում` վատ ա, վատ ա: Չի կարելի էդքան վատ ասել: Ինչքան վատ ենք ասում, էդքան վատ է բերում: Մի քիչ լավատես լինենք»,-նշեց մարզպետը: Նա նաեւ մարզի բնակիչներին հորդորեց Նոր տարին դիմավորել ուրախ տրամադրությամբ  եւ  վիշապից հաջորդ տարվա համար ակնկալել բարեկեցություն եւ հաջողություններ, թեեւ պարզվեց` Գիզիրյանը վախենում է վիշապներից. «Միակ բանն ա, որ ես վախենում եմ: Հա՛, լուրջ եմ ասում: Գիտեք ինչո՞ւ եմ վախենում. կան նաեւ նմանատիպ մարդիկ, որոնք օձի պես սողում են, նրանցից էլ եմ վախենում: Այսինքն` ես չեմ տեսնում, թե նրա հարվածը որտեղից է, թաքուն է մոտենում»:
Իսկ Շիրակի մարզպետի օգնական Հասմիկ Կիրակոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մարզպետարանն Ամանորի նախաշեմին տոնական արկղեր ու շնորհավորական բացիկներ է բաժանելու Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ու հաշմանդամ դարձած վետերաններին, մարզի 5 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմանդամ ընտանիքներին, ինչպես նաեւ 1994 թվականից մինչեւ 2010 թվականը  զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողների հարազատներին: Այդ նպատակով ծախսված գումարները մարզպետարանի սոցիալական ապահովության ֆոնդից են:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս