ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավոր ամեն բան կանի Իրանի միջուկային զենք ունենալու դեմ:
Նման հայտարարություն Հեյգելն արել է Երուսաղեմում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպման ժամանակ, որը կասկած է հայտնել իրանական միջուկային զենքի շուրջ բանակցությունների հաջող ավարտի վերաբերյալ:
Նաթանյահուի խոսքով, Իրանը «փորձում է մոլորեցնել համաշխարհային հանրությանը»:
Հեյգելը հավաստիացրել է Իսրայելի վարչապետին և նրա երկրի ժողովրդին, որ ԱՄՆ-ն նախկինի պես մտադիր է թույլ չտալ Իրանին՝ միջուկային զենքի ունենալուն:
Այդ ընթացքում Վիեննայում շարունակվում է Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների 4-րդ փուլը, որը նպատակաուղղված է Թեհրանի հանդեպ պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանի միջուկային ծրագրի մասնակի դադարեցման շուրջ վերջնական պայմանավորվածության ձեռքբերմանը: Մասնակիցների հույսով, համաձայնությունը ձեռք կբերվի մինչև հունիսի 20-ը: