ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ

ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի N 1414-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկին: Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման բնականոն գործընթացն ապահովելու հանգամանքով: Բնակչության պետական ռեգիստրի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տեղեկատվական շտեմարանների համադրման տվյալներով` 2013թ. ՀՀ-ում ծնված եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած երեխաների թիվը կազմում է շուրջ 2245 երեխա, կանխատեսվում է, որ դրանցից շուրջ 355-ը կլինեն ընտանիքում ծնված երրորդ կամ հաջորդող երեխան: Նախագծի համաձայն՝ մինչեւ 2014թ. հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման կարգի համաձայն՝ նպաստի նշանակումը կատարվելու է սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների կողմից, իսկ 2014թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը եւ վճարումը կատարվելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից: Սույն նախագծի համաձայն՝ հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համար նախատեսված 7,905,150.0 հազար դրամ ֆինանսական միջոցներից պակասեցնել 247,150.0 հազար դրամ եւ այն նույն ծրագրի շրջանակներում հատկացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

ԱՐԺԵՔԸ՝ 2592.1 ՀԱԶ. ԴՐԱՄ

ՀՀ գործադիրի երեկվա նիստում հավանություն տրվեց կացարանի եւ այլ սոցիալական ծառայությունների տրամադրման բազմաբնակարանային շենքերի մեկ միավորի արժեքը 10418.5 հազ. դրամ, իսկ կացարանի եւ այլ սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնատնային մեկ միավորի արժեքը՝ 2592.1 հազ. դրամ սահմանելու մասին որոշմանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ սահմանվել է, որ սոցիալական բնակարանային ֆոնդի մեկ միավորը նույն համայնքում տեղակայված կացարաններն են կամ դրանց ցանցն աշխարհագրորեն տեղակայված է մինչեւ 3 կմ շառավղով: Նույն տեղում՝ որոշման 49-րդ կետով նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարվա համար ՀՀ պետբյուջեից հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները որոշվում են սոցիալական տան կողմից կացարանի եւ այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքով, իսկ 50-րդ կետով սահմանվել է, որ սոցիալական տան կողմից կացարանի եւ այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որոշմամբ սահմանված է, որ կացարանները տրամադրվում են սոցիալապես անապահով խմբերին դասված անձանց, ուստի եւ նրանց հետ աշխատելու է սոցիալական աշխատողը:




Լրահոս