Ազգային ժողովի նորաթուխ պատգամավոր Արմեն Կարապետյանին մշտապես կարելի է հանդիպել խորհրդարանի միջանցքում մտամոլոր, միայնակ քայլելիս: Նրան դժվար է տեսնել որեւէ պատգամավորի հետ ինչ-որ հարց քննարկելիս, զրուցելիս: Սովորաբար Ա. Կարապետյանը միայնակ մտնում է ԱԺ դահլիճ ու դուրս գալիս, ապա գնում իր աշխատասենյակ ու կրկին նույն ուղղությամբ վերադառնում: Երբեմն էլ հիշում է, որ ինքն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է եւ անցնում է խմբակցության աշխատասենյակի կողքով: Ահա այդ նույն ճանապարհին էլ «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարց ուղղել Արմեն Կարապետյանին՝ պարզելու, թե արդյոք պատգամավորը գիտակցում է, թե ինչի համար է եկել խորհրդարան եւ ինչ է ցանկանում անել:
-Պարո՛ն Կարապետյան, արդեն բավական ժամանակ է, ինչ Դուք ԱԺ պատգամավոր եք: Ծրագրե՞լ եք Ձեր առաջիկա օրենսդրական գործունեությունը, կոնկրետ ինչպիսի՞ նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ: Եվ ի՞նչ եք մտադիր անել Ձեր մարզի համար:
-Համենայնդեպս, ես ընդգրկված եմ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, երկու անգամ ընտրվել եմ համայնքի ղեկավար, այնպես որ, կարելի է ասել, փորձ ունեմ եւ այժմ հանձնաժողովում աշխատում եմ: Այդ հանձնաժողովում բավական աշխատանքներ պետք է կատարվեն:
-Խնդրում եմ կոնկրետ նշել, թե ինչ աշխատանքների մասին է խոսքը:
-Օրինագծերի. համայնքներին տրվող գործակիցները պետք է փոփոխության ենթարկվեն, մեծ դժգոհություն կա համայնքներից. ոչ միայն համահարթեցման ծրագրի գումարները չեն հերիքում համայնքներին, անգամ աշխատավարձերը չեն կարողանում տալ: Նախապատրաստվում ենք, որ 2015թ. այդ գործակիցներն արդեն բարձրանան: Պետք է հաշվի առնել հեռավորությունը մայրաքաղաքից, մարզկենտրոնից, բարձրադիր գոտիներում, սահմանամերձ գոտիներում, այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ գործունեություն ծավալել, եկամուտներ ստանալ, պետք է պետության կողմից մոտեցումներն այլ լինեն: Չի կարելի նույն կարգով մոտեցում ցուցաբերել բոլոր համայնքներում: Նման խնդիրներ են առկա, որոնք պետք է լուծվեն:
-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել կոնկրետ Սյունիքի մարզի համար, քանի որ մշտապես տեղեկություններ են շրջանառվել, որ Ձեր մարզի բնակիչները Ձեզ չեն «ընդունում»…
-Գիտեք ի՞նչ, նմանատիպ խոսակցություններ տարածողները թող արդյունքները նայեն: 5 թեկնածու կար ընտրությունների ժամանակ:
-Բայց նշվում է, որ ընտրակեղծիքների շնորհիվ է Ձեզ հաջողվել մանդատ ստանալ:
-Չէ՛, ընտրակեղծիքները հնարավոր չէին, 85 տոկոս ձայն եմ հավաքել, ինչպե՞ս կարող է ընտրակեղծիք լինել: Ես 21 հազար քվե եմ հավաքել, դա վիրավորական է, դա վիրավորանք է 21 հազար մարդուն, ինչպե՞ս կարելի է մտածել, որ 21 հազար մարդու կարելի է խաբել: Ճիշտ չէ, այդ մոտեցումը սխալ եմ համարում:
-Այնուամենայնիվ, համառորեն տեղեկություններ են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ նրա հոր՝ Մաքսիմ Հակոբյանի «աջակցությամբ» եք կարողացել այդքան ձայն ստանալ:
-Մենք մի թիմում ենք աշխատում, անկախ որեւէ բանից, եթե մենք նույն թիմում ենք, իհարկե իրենք կօգնեն: Ինչպե՞ս եք մտածում՝ թիմում լինենք, բայց հակառակորդներ լինենք:
-Հայտնի է, որ ի սկզբանե Ձեր եւ Մ. Հակոբյանի միջեւ տարաձայնություններ կային, ինչպե՞ս ստացվեց…
-Չէի ասի, որ մեր հարաբերությունները լավ չեն եղել, միշտ էլ նորմալ հարաբերություններ ենք ունեցել, հատկապես համայնքի ղեկավար աշխատելու ժամանակ բավական լավ հարաբերությունների մեջ էինք: Խնդիր չկար:
-Բայց ընտրություններից առաջ Մ. Հակոբյանը հրաժարվում էր Ձեզ հետ հանդիպել՝ չնայած այն բանին, որ Դուք ամեն ինչ անում էիք այդ հանդիպման համար:
-Չէ՛, որեւէ խնդիր չկա, միշտ այն, ինչ ես ներկայացրել եմ համայնքի համար, իրենց հնարավորության սահմաններում օգնել են: Նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Մեր փոխհարաբերությունները նորմալ են, մենք նույն թիմում ենք, նույն կուսակցությունից, կարելի է ասել՝ ոչ մի խնդիր չենք ունեցել:
-Այժմ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կամայականորեն աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակիցներին: Դուք՝ որպես այդ մարզի պատգամավոր, հետաքրքրվե՞լ եք, թե ինչու է նման բան անում:
-Դրանք ճիշտ չեն մեկնաբանվում, նախ՝ ես չեմ լսել, որ որեւէ մեկի փոփոխություն է կատարվել: Եթե Դուք էլ հետաքրքրվեք, կտեսնեք, որ շատ մեծ քանակությամբ աշխատողներ կան, բայց ես չեմ լսել, որ այդ համակարգից ինչ-որ մեկը…. կարող է մեկ-երկու հոգի… ինչպե՞ս կարող է ղեկավարել այդքան մեծ կառույց ու երկու-երեք հոգու աշխատանքից չազատել:
-Ըստ Ձեզ՝ Սյունիքի մարզը ո՞վ էր լավ ղեկավարում՝ Սուրեն Խաչատրյա՞նը, թե՞ Վահե Հակոբյանը:
-Դա այնպիսի աշխատանք է, որ գնահատական տալը… դե ժողովրդից լսում եմ, որ շատ լավ է աշխատում Վահե Հակոբյանը, բավականին ծրագրեր կան տնտեսությունը զարգացնելու համար: Բայց Սուրեն Խաչատրյանն էլ է լավ աշխատել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿՆԵՐՆ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ
Արդեն երկրորդ օրն է, ինչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացակայությունը երեւում է, քանի որ ԱԺ փոխխոսնակներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը չեն կարողանում քվեարկություն կազմակերպել, ընդդիմադիր պատգամավորներին արգելում են իրենց տեսակետը հայտնել, ինչի պատճառով էլ վիճաբանություն է տեղի ունենում: Երեկ բանը հասավ նրան, որ Էդ. Շարմազանովը մատ թափ տվեց ու «արա»-ով խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտարարեց, թե «արան դու ես ու շեֆդ ա»:
Ամեն ինչ սկսվեց այսպես. ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված «Համատարած եւ համակարգված կոռուպցիա» հարցապնդման քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Վերջինս, դիմելով ՀՀԿ-ին, ասաց, որ եթե իրենք էլ են ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է, ուրեմն անհրաժեշտ է միասին քայլ անել այդ չարիքի դեմ պայքարելու համար. «Եկե՛ք այս փաստերն ուղարկենք դատախազություն եւ կառավարությանը հանձնարարենք պատրաստել կոռուպցիայի վերաբերյալ անհետաձգելի փաթեթ»:
Սրան ի պատասխան՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Ձեր խնդիրները ձե՛ր մեջ լուծեք, մենք մեր խնդիրները կլուծենք: Մենք դեմ ենք քվեարկելու հարցապնդմանը»: Ապա վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս խոսելու ընթացքում Ն. Փաշինյանն անընդհատ փորձում էր միջամտել՝ ասելով, թե «բովանդակային քննարկում չի կարելի»: Նա մի քանի անգամ դա կրկնեց, քանի որ իր ելույթների ժամանակ փոխխոսնակները մշտապես նման հայտարարություն են անում եւ անջատում իր խոսափողը:
Եվ չնայած Փաշինյանի խանգարելու փորձերին՝ Շարմազանովը գրեթե բղավելով հայտարարեց. «Հարգելի՛ քաղաքական փոքրամասնության մի մաս, ով ներկայացրել է այս հարցապնդումը, այո՛, կոռուպցիան խնդիր է, ախտ, բայց, հիշեցնեմ, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերած բոլոր փաստերն Ազգային ժողովը ներկայացրել է գլխավոր դատախազություն»: Ն. Փաշինյանի եւ Էդ. Շարմազանովի համաժամանակյա խոսքին փորձեց միջամտել Հ. Նաղդալյանը: Բանը հասավ նրան, որ ելույթի ավարտից հետո Էդ. Շարմազանովը մատ «թափ տվեց» Ն. Փաշինյանի վրա եւ «արա»-ով դիմեց ԱԺ պատգամավորին: Փաշինյանն էլ բղավեց, թե «արան դու ես ու շեֆդ ա»: Ի վերջո, կրքերը հանդարտվեցին, եւ քվեարկությունը կայացավ:
Նիստի ավարտից հետո Էդ. Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ինքը չի հիշում, որ մատ է «թափ տվել» Ն. Փաշինյանի վրա:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ