Նիկոլ Փաշինյանն ընդունում է Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական Ժամանակ” օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ինտերնետային էջից տեղեկանում ենք, որ վերջինս ընդունում է թիվ 1 ընտրատարածքի ՀՀԿ-ական թեկնածու Ռ. Հայրապետյանի բանավեճի հրավերը: Հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, թե պատրաստ է քաղաքական բանավեճ ունենալ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասը հորիզոնականներում տեղ գտած գործիչների հետ, հաշվի առնելով նաև այն, որ նույն ասուլիսում Հայրապետյանը հայտարարել է, թե համաձայն է, որ բանավեճի ֆորմատը որոշեն Կոնգրեսի ներկայացուցիչները, ես` Նիկոլ Փաշինյանս, որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածու, ընդունում եմ Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը:
Հիշեցնելով, որ “Արմնյուզե հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման բանավեճ, կոչ եմ անում դա անել ս/թ ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին: Նշված օրը և ժամին կլինեմ “Արմնյուզ” հեռուստաընկերությունում: Այսօրվա ասուլիսում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին կպատասխանեմ ուղիղ եթերի ընթացքում, այդ հայտարարությունների հեղինակի ներկայությամբ: Սույնով վերահաստատում եմ թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) բանավեճի հրավերը, բայց եթե վաղեմի բարեկամներ Հայրապետյանն ու Ալեքսանյանը մտադիր են միասին ներկայանալ երկուշաբթի օրվա ուղիղ եթերին, չեմ առարկում:




Լրահոս