ՀՀԿ-Ի ԺԱՄԿԵՏԱՆՑ ՁՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած մի կին, որը խնդրեց իր անունը չհրապարակել, պատմեց, որ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ Հանրապետական կուսակցության շտաբից իրեն կանչել են եւ 30 ձու տվել: Կինը մեծ ուրախությամբ վերցրել է ձվերը, սակայն պարզվել է, որ դրանք  ժամկետանց են: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ անգամ թունավորվել է եւ այժմ հազիվ է կարողանում ոտքի վրա կանգնել:
Աջափնյակում բնակվող մեր զրուցակիցը պատմեց, որ ինքը մենակ է ապրում, երեկոյան զանգահարել են իրեն եւ տեղեկացրել, որ գնա իրենց շենքի հատվածում գտնվող Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ. «Գիշերով կանչել են շտաբ, վերցրել պասպորտի կոպիան, ես էլ չգիտեի, որ էտի ՀՀԿ-ի շտաբն ա… պասպորտիս տվյալները գրեցին, 30 հատ ձու տվեցին: Ես էլ էդ ձուն վերցրի: Բերեցի տուն, տեսնեմ ձվի վրա գրված ա`  01.02.2012: Ջարդում եմ ու թափում եմ: Բայց  սկզբից չնկատեցի, մի 5 հատը ձվածեղ արեցի, կերա ու թունավորվեցի»:
 Իր անձնագրային տվյալները 30 արծաթի փոխարեն 30 ձվի դիմաց` այն էլ ժամկետանց, ՀՀԿ-ին տված տիկնոջ խոսքերով` այդ հին ձվերը շատերին են բաժանել: «Իմացա, որ դեկտեմբեր ամսին, որ բերեցին, պահեստներում լցրեցին, դա հենց էդ ձվերն ա եղել, դե էն ժամանակ հայտարարեցին, որ էլ ձվերի կրիզիս չի լինելու, հենց էդ ձվերն են էլի, պահել են ու տալիս են ժողովրդին: Դե, որ աղքատ մարդուն էլ մի բան տան, ի՞նչ կասի, կասի ի~նչ լավ ա, մեզ էլ են հիշել ու մեզ լավ բան են տալիս, դա էլ այն ժամանակ էր, որ սուրբ տոն պետք է նշեինք, դրա համար վերցրինք, էն էլ բերեցի, կերա, թունավորվեցի… մեռնելու դուռն եմ հասել»,-իր վիճակը ներկայացրեց մեր զրուցակիցը:
Տիկինը նշեց, որ իրեն կանչել են 6/27 ընտրատարածքից. «16 թաղամասի 39 շենքի տակի շտաբից են կանչել, ես «Փարոս»-ի անդամ եմ, ասեցին` նպաստառուներին ձու են բաժանում, պասպորտդ վերցրո՛ւ, արի՛,  գիշերվա ժամը 10-ին` մթով, երեւի որ մարդ չտեսներ, գնացի ու տեսա, որ էտի ՀՀԿ-ի շտաբն ա: Էդ շտաբում լիքը պասպորտի կոպիաներ կային»:
Նա վերջում խնդրեց, որ ոչ մի կերպ իր անունը չնշենք. «Ես միայնակ կին եմ, ես վախենում եմ, խնդրում եմ` իմ անունը չնշեք, ես համոզված եմ, որ ինձ վնաս կտան, եթե իմ անունը գրեք, խնդրում եմ` տենց բան չանեք»:
Հիշեցնենք, որ Նոր տարվա նախաշեմին նման մի անակնկալ էլ արել էր Տիգրան Սարգսյանի ղեկավարած ՀՀ կառավարությունը` ժողովրդին անվճար ձեթ բաժանելով, որը եւս ժամկետանց էր եղել: Երեւի ՀՀԿ-ականների մոտ արդեն ավանդույթ է դարձել ժողովրդին ժամկետանց «նվերներ» մատուցելը: Հետաքրքիր է, եթե տիկինը հավատար, կարո՞ղ է ձվերի  պիտանելիության ժամկետը փոխվեր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս