Երեւանի առանձնացված կանգառներում տեղադրված կանգառագոտիները, որոնք այլ կերպ կոչվում են «պառկած ոստիկաններ», շուտով հանվելու են: Ինչու են հանվում դրանք: Մի՞թե այդքան անորակ էին, որ նույնիսկ մեկ տարի էլ չծառայեցին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Արթուր Գեւորգյանի հետ, ով վստահեցրեց, որ հանված կանգառագոտիները կփոփոխվեն նորերով. «Այս տարվա ձմեռը բավականին ձյունառատ էր, այդ իսկ պատճառով ավելի մաշվեցին»: Նա շտապեց հայտարարել, որ քաղաքացիները մտահոգություն չունենան այդ հարցի շուրջ, կանգառագոտիները նույնությամբ կմնան իրենց տեղերում:
Գեւորգյանն ավելացրեց նաեւ, որ եթե հետագայում հասարակական տրանսպորտի համար մյուս հատվածներում առանձնացվեն կանգառագոտիներ, ապա դրանք նույնպես կկահավորվեն նույնությամբ: «Դրանք կոչվում են պառկած ոստիկաններ: Նախկինում ամեն մեկը գալիս կանգնում էր մի տեղում եւ բացատրում, թե առանձնացված տարածք չկա կանգառի համար, այդ իսկ պատճառով Երեւանի քաղաքապետարանը դրանցով առանձնացրեց տարածքները, որպեսզի բացառապես հասարակական տրանսպորտի միջոցները` միկրոավտոբուսները, ավտոբուսները, կայանեն այդ հատվածում»,-մեզ հետ զրույցում նշեց Ա.Գեւորգյանը:
Նա հիշեցրեց, որ կանգառագոտիներով առանձնացված տարածքները նախատեսված են նաեւ քաղաքացիների համար, որպեսզի որտեղ պատահի չկանգնեն: Նաեւ խստացվել է հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը, այսինքն` ճանապարհային ոստիկանությունը կարող է կանգառից դուրս կանգնած երթուղայիններին տուգանել: «Դա շատ քաղաքակիրթ տարբերակ է: Այդ մշակույթը քիչ-քիչ կմտնի մեր մեջ»,-հուսադրեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատուն:
Վարորդները պատժվո՞ւմ են հասարակական կարգը խախտելու համար, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ին ճանապարհային ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը եթե ոչ սահմանված տեղում կանգառ կատարի, կտուգանվի 10 հազար դրամով: Մեզ ասացին նաեւ, որ այդ ամենը վերահսկվում է ոչ միայն ճանապարհային ոստիկանության կողմից, այլեւ Երեւանի քաղաքապետարանի. «Բարձիթողի վիճակում չէ, վերահսկվում են այդ աշխատանքները»: Քաղաքապետարանը 60 տեսախցիկ է տեղադրել 60 կանգառներում, իսկ երթուղայինների վրա համարանիշերը մեծ, մուգ թվերով գրված են, որպեսզի այդ տեսախցիկները ֆիքսեն խախտումները:
Կանգառագոտիների առկայության անհրաժեշտության մասին խոսեցինք նաեւ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էդիկ Հովհաննիսյանի հետ: Որքանո՞վ են դրանք նպաստում երթեւեկության բարելավմանը: Հովհաննիսյանն ասաց, որ կանգառագոտիների գոյությունը անիմաստ է. «Թող փոսերը լցնեն, ասում են` կլցնենք, ու չեն լցնում»:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը ֆիքսեց մի քանի խախտում. հասարակական տրանսպորտը կայանել էր կանգառագոտուց այն կողմ, սակայն մոտակայքում չկային ճանապարհային ոստիկաններ, որպեսզի կանոնակարգեին եւ գրանցեին խախտումը: Իսկ տեսախցիկներից «պարզաբանումներ» ստանալ չհաջողվեց: Եւ այդպես էլ անհասկանալի մնաց` օգնում են կանգառագոտիները երթեւեկության ճիշտ կազմակերպմանը, թե հակառակը:
«ՊԱՌԿԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ» ԱՎԵԼՈ՞ՐԴ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ