ՈՎ ՈՒՄ Է ԾԵԾԵԼ ԱՐԹԻԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հավաստի աղբյուրներից տեղեկացնում են, որ թիվ 36 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Հունան Պետրոսյանի գյուղում` Մեղրաշենում, երկու օր առաջ ՀՀԿ-ականների հետ ծեծկռտուք է եղել:
Բզանենց Սամվել անունով մեկը, որը ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանի համար է աշխատում, գնացել է գյուղ` իր բարեկամների տուն եւ, բնականաբար, «ձեռքի հետ» սկսել է Վարագյանի համար ձայն հավաքել: Այդ մասին իմացել է Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, ով հենց գյուղամիջից  զանգահարել է Սամվելին, հայհոյել, բայց նաեւ համարժեք պատասխան ստացել: Գյուղացիներից մի քանիսը մեզ պատմեցին, որ դեպքից հետո «սխոդկա» է եղել Արթիկի քաղաքապետարանում: Կողմերը հավաքվել են եւ, ըստ լուրերի, քաշքշել իրար: Հարվածների «առյուծի բաժինը» ստացել է Բզնունի Սամվելը, որն այս օրերին հազիվ է կարողանում քայլել: Հիշեցնենք, որ Արթիկի քաղաքապետը պատգամավորության թեկնածու Մխիթար Վարագյանի եղբայրն է:
 ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին ասացին, որ նման բան չի եղել: Նույնը կրկնեց նաեւ թիվ 36 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը. «Կեղծ ինֆորմացիա է, նման բան չկա, Ձեր նշած օրը  մեր  հանձնաժողովի 2 անդամներ եղել են Մեղրաշեն համայնքում: Եթե միջադեպ եղած լիներ, մենք տեղյակ կլինեիք»:  Մեր հարցին, թե այդ դեպքում հանձնաժողովի անդամներն ինչու էին գնացել համայնք, նախագահն ասաց. «Տեղամասի հետ կապված տարածքային անհամապատասխանության կասկած կար, գնացել էին նայելու»:
 Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը եւս հերքեց «ռազբորկայի» լուրը, իսկ  պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, ում անվան հետ առնչվում էր միջադեպը, տպավորություն ստեղծեց, իբր թե հեռախոսազրույցը լսելի չէ, ու խնդրեց ավելի ուշ զանգել:
«Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել Բզանենց Սամվելի հետ` պարզելու, թե ինչ է եղել իրականում: Բայց քանի որ տեղի իշխանություններն ապրիլի 4-ին Արմավիրում տեղի ունեցած նախընտրական ծեծկռտուքը եւս հերքում էին, դրա համար էլ այսօր Արթիկի տեղական իշխանությունների խոսքերն արժանահավատ չեն թվում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս