Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր 2015թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքին, որն անմիջական ազդեցություն է ունենում աշխատող հղի կանանց վրա: Պատգամավորը ցանկանում էր իմանալ, թե ինչպես է լուծվելու այս խնդիրը: Ի պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց.
«Ճի՛շտ եք, մեծ են ռիսկերը: Նախ չաշխատող մայրերին հղիության նպաստ տրամադրելու որևէ նոր փոփոխություն չի եղել: Բոլոր քաղաքական ուժերը միշտ իրենց կարծիքը հայտնել են, որ նաև չաշխատող մայրերին նպաստներ տրամադրենք: Անհրաժեշտ է եղել տարեկան լրացուցիչ 15 միլիարդ դրամ, որի հնարավորությունը չի եղել: Նախապատրաստել ենք մեր վերջնական նախագծերը, որ աշխատող կնոջ իրավունքները չոտնահարվեն, բայց լուծվեն այն խնդիրները, որոնք մեզ անհանգստացնում են: Որևէ իրավական խախտում տեղի չի ունենում, օրենքով սահմանված այդ վարձատրությունները կհաշվառվեն և դրա հիման վրա կվճարվեն նաև նպաստները», – մանրամասնեց նա: