ԱՆՁՆԱԳՐԵՐ՝ ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ից կիրառության մեջ մտան նոր անձնագրերը 2 փաստաթղթերի ձեւով՝ նույնականացման քարտեր (ID) ու բիոմետրիկ անձնագրեր: «Ժողովուրդ»  օրաթերթը զրուցեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ, որը հավաստիացրեց, որ նոր անձնագրերը քաղաքացիները կարող են ձեռք բերել ըստ ցանկության:
-Ի՞նչ պետք է անի քաղաքացին նոր անձնագիր ստանալու համար:
-Պետք է ծննդյան վկայականով ներկայանա անձնագրային ծառայություն: Համակարգչով կգրվի դիմում, քաղաքացին կստորագրի, կհանձնի մատնադրոշմները: Լուսանկար պետք չէ բերել,  քանի որ տեղում են լուսանկարում, եւ այդ ամենի հիման վրա կստանա նույնականացման քարտ: Նույնականացման քարտ ստանալու համար հին անձնագրի առկայությունը հարկավոր է, որպեսզի հասկանալի լինի՝ տվյալ քաղաքացին երբեւէ անձնագիր ստացե՞լ է:
-Ե՞րբ է սկսվել այս գործընթացը, որքա՞ն ժամանակ կտեւի:
-Գործընթացը՝ որպես տնտեսական նշանակության ծրագիր, սկսվել է 2006 թվականից եւ հունիսի 1-ի դրությամբ մոտեցավ իր տրամաբանական ավարտին, քանի որ սկսեցինք անձնագրերը տրամադրել բնակչությանը:
-Արդյո՞ք անձնագիր կստանան այն քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս:
-Առայժմ ոչ, բայց նման հնարավորություն շուտով նրանք կստանան արտաքին գործերի նախարարության միջոցով: Եթե քաղաքացին ուզում է նույնականացման քարտ, արտգործնախարարության միջոցով նույն ընթացակարգով կստանա: Տեխնիկական գործերը կհամակարգվեն, եւ այդ ամենի մասին կհայտարարվի:
-Խնդրում եմ բացատրել քարտերի եւ անձնագրերի տարբերությունը:
-Նույնականացման քարտերի (ID) տարբերությունը անձնագրերից միայն տեսքի եւ էլեկտրոնային կրիչի առկայության մեջ է: Կրիչը հնարավորություն է տալիս անձին շատ արագ իրականացնել տվյալների ավտոմատացում բազաներում եւ գործարքներ կատարել վարչական մարմիններում առանց ֆիզիկապես ներկայանալու: Այսինքն՝ քաղաքացին հեռավորությունից կարող է ստորագրել իր փաստաթղթերը եւ դա իրավական հետեւանքներ չունի: Նույնականացման քարտը  (ID) ունի նաեւ հակակոռուպցիոն նշանակություն:  
-Երեխաների անձնագրեր ստանալու հետ կապված փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ:
-Որպես այդպիսին չեն եղել, միայն հիշեցնեմ, որ 16 տարեկանից երեխաները  կարող են ունենալ նույնականացման քարտերը, իսկ բիոմետրիկ անձնագրերը կարող են  ստանալ բոլոր երեխաները՝ անկախ տարիքից:
-Զինծառայողների դեպքում կա՞ն փոփոխություններ:
-Զինծառայողների մասով որեւէ փոփոխություն չկա օրենքով:
-Ինչպես գիտեք, այս շրջանում քաղաքացիները մեկնում են ամառային հանգստի: Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր քաղաքացուն, որպեսզի ստանա իր անձնագիրը:
-Ստանալու համար հարկավոր է 15 աշխատանքային օր, իսկ փաստաթղթերի հանձնումը, որը շուտով էլեկտրոնային կլինի, րոպեների հարց է դառնալու: Մենք շուտով կունենանք մի համակարգ, երբ քաղաքացին անգամ թղթային դիմում չի գրի, քաղաքացու փոխարեն դա կանի օպերատորը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս