Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը, անդրադառնալով օրերս Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերին, ասաց, որ ինքը շփվելով ռուսական բանակի հետ՝ գիտի, որ նման հարցերում ՌԴ-ն շատ խիստ է: Ըստ պատգամավորի՝ նման արարք կատարող մարդը չարիք է իր ազգի ու մարդկության համար, որին պետք է շատ խիստ դատեն:
-Պարո՛ն Սարոյան, հունվարի 12-ին Գյումրիում մի ողջ ընտանիքի դաժանորեն սպանած ռուս զինվորը ներկայումս գտնվում է ռուսական ռազմաբազայում, այլ ոչ թե հայկական կալանավայրում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ռուսական իրավապահ համակարգը չի ցանկանում հանցագործին հայկական կողմին, անգամ Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրացման գնով:
-Նախ ասեմ, որ շատ ցավալի ու շատ վատ բան է իրականում տեղի ունեցել: Ես կարծում եմ, որ անգամ Ռուսաստանում, եթե դատեն, իրեն ճիշտ կդատեն, քանի որ ռուսները էդ հարցերում միշտ էլ ավելի խիստ են, ես չեմ կասկածում, որ ռուսները շատ խիստ կդատեն: Դա նաեւ չարիք է Ռուսաստանի համար, ո՞ր ազգը նման մարդուն կընդունի, դրանք մարդկային չարիքներ են, որոնք պետք է պատժվեն: Էդ արարքը գործվի հայի, թե ռուսի դեմ, էդ մարդը պետք է անպայման պատիժ կրի:
-Բայց գյումրեցիները չեն ցանկանում, որ ռուսական կողմը հանցագործին դատին: Չեք կարծո՞ւմ, որ ժողովրդի պահանջն արդարացի է: Ի վերջո, նա հայ ընտանիք է սպանել, հանցագործություն է կատարել Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ռազմաբազայի տարածքում:
-Արդարացի է, մի ամբողջ ընտանիք, մի ցելի հայ ընտանիք կոտորվել է, ով ուզում է՝ լիներ անողը, ուզում է՝ հայ լիներ, էլի նույն ձեւով էին վերաբերվելու, դա ինչ կապ ունի, թե ով էր մարդասպանը, հանցագործը, կամ ի՞նչ ազգություն ունի: Ժողովուրդը ճիշտ է, ժողովուրդի արածն էլ ա ճիշտ, բայց պետք է նաեւ մենք հասկանանք, որ կարար նաեւ տենց բան աներ մեր հայը, մեր հայերից հեռու չի: Չի կարելի նման բաները բացառել: Ես ռուսական բանակի հետ շփվելով՝ գիտեմ, որ ռուսական բանակում նման հարցերը շատ խիստ են, շատ…. որովհետեւ ուրիշ բան չի, դա չարիք է, էդ մարդը մարդկության մեջ չարիք է, դրա ի՞նչը զիջեն: Էտի ավարիա չի, էտի, ասենք, փորձանք չի, չգիտեմ, դա անգամ հանցագործություն չի կարելի ասել, դա ուղղակի չարիք է: Իսկ տենց չաիքները պետք չեն ժողովրդին, որովհետեւ եթե ազգը ինչ էլ անի, նման չարիքներ լինելու են: Եթե էդ մարդուն խիստ չդատեն, ապա էդ նույն բանը էդ մարդը կանի իր ազգի համար: Եթե մարդը գնացել, փոքր էրեխուն, քնած մարդուն սպանելա… չգիտեմ, սատանի ծնունդա դա:
-Ինչո՞ւ որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր՝ գյումրեցիների կողքին չէիք, եթե կարծում եք, որ նրանց պահանջը ճիշտ է: Նախօրեին մեծ բախումներ տեղի ունեցան գյումրեցիների ու ոստիկանների միջեւ, ինչո՞ւ Դուք չէիք գնացել Գյումրի:
-Չգիտեմ… չեմ իմանում, եթե իմանայի, որ մեր կարիքը կար, կգնայի: Բայց էթաս, ժողովրդին ի՞նչ ասես, ի՞նչ կարաս ասես ժողովրդին, ես բառեր չունեմ ժողովրդին ասելու, ի՞նչ պետք է ասեմ: Նույն ժողովուրդն էլ ես եմ, իմ սիրտն էլ է ցավում, ես էլ եմ մղկտում մեր ժողովրդի համար, էթամ, ի՞նչ ասեմ, բան կա՞ ասելու, որ գնաս ու ասես էս ժողովրդին: Ժողովուրդը պետք է ինքն իրենով հանգստանա, միակ տարբերակը դա է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ