ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԷԼ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ ՉԻ ՓՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ  80-ական թվականները հանրապետությունում ոչխարների գլխաքանակը հասավ գրեթե 2,2 միլիոնի, որից հետո նկատվեց գլխաքանակի նվազման միտում եւ 1991թ. կազմեց 1միլիոն, իսկ արդեն 2009թ.՝ 566 հազար: Այսօր ՀՀ-ում ոչխարների գլխաքանակը կազմում է շուրջ 511 հազար: Փաստորեն, ՀՀ-ում մոտ 4 անգամ կրճատվել է ոչխարաբուծության ծավալը:
Մեր երկրում ոչխարաբուծության զարգացման համար կան բնակլիմայական բարենպաստ պայմաններ: 1980-ականների համեմատությամբ հանրապետությունում ոչխարների քանակն ավելի քան 4 անգամ կրճատվել է: Ակնհայտ է՝ նաեւ համապատասխան տոհմային բարձրարժեք խոյերի բացակայության պատճառով է ոչխարների մթերատվության նվազումը:
Հայաստանում ոչխարաբուծությամբ հիմնականում զբաղվում են եզդիները: «Եզդիների միություն» ՀԿ-ի նախագահ Ազիզ Թամոյանի վկայությամբ՝ վերջին շրջանում կտրուկ նվազել է ոչխարաբուծությունը, այն պայմանավորված է կերի գնի աճով: Զովունի համայնքում  4 տարի առաջ կար 30.000 գլուխ ոչխար, իսկ այս պահին դրանց թիվը հասել է 2000-ի: «Նախորդ տարիներին խոտի կգ-ի միջին գինը 10-15 դրամ էր, այժմ 10-12 կգ-անոց մեկ տուկի արժեքը՝ 1500 դրամ: Դրան գումարե՛ք չոբանի (100.000 դրամ), 1 ոչխարի համար պահանջվող 3 կթվորների (ոչխարի գլուխը պահողը, կերակրողը՝ յուրաքանչյուրը 7000-8000-ական դրամ) աշխատավարձերը եւ այլ ծախսեր, կտեսնենք, որ վնասաբեր է ոչխար պահելը»:
Թամոյանը նշում է, որ 1 ոչխարի բրդատվությունը կազմում է 2.2 կգ, կաթը վաճառվում է ջրի գնով՝ 120 դրամով, բուրդը 500-1000 է, պանիրը՝ 800-1000: Իսկ գառը վաճառվում է կգ-ը 2000 դրամով: Ցածր է նաեւ կենդանիներից ստացվող օրական միջին քաշաճը: Շուկայում ոչխարի միսն այսօրվա դրությամբ վաճառվում է 3800-4000 դրամով: «10 տարի առաջ իշխանություններն ինձ հետ թշնամացան, քանի որ ես դեռ էն ժամանակ կանխատեսել էի, որ ոչխարի միսն այսչափ թանկանալու է»,-ասում է Ա. Թամոյանը: Վերջինս իր կանխատեսումը բացատրում է կերատեսակների ծավալների նվազեցմամբ: Մի խոսքով, ոչխարի մսի բարձր գինը, արտահանման մեծ ծավալները չեն կարող ստիպել գյուղացուն զբաղվել ոչխարաբուծությամբ, քանի որ 1 ոչխարի բուծման ծախսերը 1,5 անգամ գերազանցում են իրացման արդյունքները: Վերջին հաշվով գյուղացին վնաս է կրում:
ՀՀ կառավարությունը, ի դեմս գյուղնախարարության, 2011թ. մշակել է «Ոչխարաբուծության զարգացման» հայեցակարգ: Ըստ դրա՝ ՀՀ-ում արագ տեմպերով բուծելու ենք ոչխարներ: Նախատեսվում է մինչեւ 2020թ. դրանց թիվը հասցնել միլիոնի եւ գերազանցել այն: Ծրագրի մեկնարկային տարում պետք է ներկրել առնվազն 1000 գլուխ տոհմային էգ գառներ, իսկ հետագայում` տարեկան 3000, եւ ներկրման ընդհանուր ծավալները հասցնել 15.000-ի: Արդեն 2019թ-ից սկսած՝ հանրապետությունում միայն ներկրված կենդանիներից տարեկան կարելի է ստանալ ավելի քան 100.000 էգ գառներ, որոնք կհամալրեն գյուղացիական տնտեսությունների ոչխարի հոտերը:
Այդ նպատակի համար հսկայական գիտահետազոտական ինստիտուտ պետք է աշխատի, փորձաքննություններ իրականացնի, ուսումնասիրի հողատեսակները, պարզի, թե արդյոք կարելի է առանց էկոլոգիական աղետի կերակրել այդքան ոչխար: Պարտադիր են տնտեսագիտական ուսումնասիրությունները` որքան է նստում մեկ ոչխար պահելը, ինչ արժեքով է վաճառվելու միսը, բուրդը, կաթը, արդյոք միջազգային գների համեմատ այդ գինը կլինի մրցունակ եւ այսպես շարունակ: Ծրագիրն առաջին հայացքից իրատեսական է, տնտեսության զարգացմանն ուղղված նպատակային քայլ: Սակայն հաշվարկները եւ ուսումնասիրությունները հայեցակարգում իսպառ բացակայում են:
Հիմա նայենք, թե ինչ արդյունք է տվել ոչխարաբուծության զարգացման ծրագրի իրականացումը: 2010թ. մեր երկրում ոչխարների եւ այծերի գլխաքանակը կազմել է 511.000: Այսինքն՝ ելնելով պաշտոնական տվյալներից՝ մեկ տարվա ընթացքում այս ցուցանիշը աճելու փոխարեն նվազել է՝ 566.000-ից հասնելով 511.000-ի: Ըստ էության՝ ոչխարաբուծության զարգացման ներուժն օգտագործվում է 25-30%: Սա այն դեպքում, երբ ճյուղի ցածր ռիսկայնությունը եւ բարձր արդյունաբերությունը բավականին նպաստավոր են գյուղատնտեսության եւ թեթեւ արդյունաբերության զարգացման համար: Վերջին տարիներին ակտիվացել է Հայաստանից Իրան կենդանի ոչխարների եւ ոչխարի մսատեսակների արտահանումը: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2011թ. արտահանվել է 108,7 տոննա կենդանի ոչխար եւ այծ, որից ստացվել է 354.728 դոլար գումար: Նույն ժամանակահատվածում ներկրվել է 7,4 տ կենդանի շուրջ 40.146 դրամ արժեքով: Իսկ թարմ կամ սառեցված մսի տեսքով 2011-ին արտահանում չի եղել, սակայն ներկրվել է 0,3 տոննա միս ընդամենը 3402 դոլարով:
Պարադոքսալ մի փաստ եւս. երբ ՀՀ-ն չուներ արտահանման շուկա, ոչխարի պահանջարկը ցածր էր, ոչխարաբուծությունը համարվում էր արդյունավետ ճյուղ: Այժմ հակառակն է. ունեք շուկա, արտահանումից ստանում ենք կրկնակի շահույթ, ապահովված է մսի բարձր գին, բայց ունենք նաեւ բուծման ծավալների կրկնակի կրճատում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս