Նոր մենաշնորհատերը տարեկան 10 և ավել մլն դոլարի եկամուտ կունենա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները, չգիտես ինչու, որոշել են հնարավորինս սեղմ ժամկետներում իրավական ուժ տալ խոշոր արտահանողներին արտոնություն տվող օրենսդրական փոփոխությունը: Երեկ ԱԺ-ն որոշեց 48 ժամում ավարտել նախագծի քննարկման եւ ընդունման գործընթացը: Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է փոխել «Շահութահարկի մասին» օրենքը, 50 միլիարդ դրամ (ներկայիս փոխարժեքով՝ 105 միլիոն դոլար) եւ ավել ապրանք արտահանողի շահութահարկը հաշվարկել ոչ թե 20, այլ 2 տոկոս: Այս արտոնությունը չի վերաբերելու հանքարդյունաբերողներին: Անցած տարվա արտահանման տվյալներով այս արտոնությունից կարող են օգտվել ադամանդ եւ սիգարետ արտահանողները, եթե, իհարկե, այդ ապրանքատեսակները մեկական ընկերություններ արտահանեն:

Ուրիշ, հանքարդյունաբերությունը չհաշված, այլ ոլորտ չկա, որտեղ արտահանման ծավալները կգերազանցեն 105 միլիոն դոլարի ծավալը: Հավանական է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ինչ-որ մի ընկերություն կսկսի միայն ինքը Հայաստանից բոլոր տեսակի ապրանքներն արտահանել: Այդպիսով նա կհայտնվի արտոնյալ դաշտում. 18 տոկոսի հարկ կխնայի: Արտադրողներն էլ, գոնե սկզբում, երբ իրենց ապրանքի համար նորմալ գին կառաջարկեն, առանձնապես դեմ չեն լինի այս նոր խաղի կանոնին: Իսկ թե ով կարող է լինել այդ ընտրյալը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել: Պատահական մարդ չի կարող, քանի որ նվազագույն հաշվարկներով միայն վարչարարության շնորհիվ նոր մենաշնորհատերը տարեկան 10 եւ ավել մլն դոլարի եկամուտ կունենա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս