Ինչ-որ ուժեր փորձում են «Ժառանգության»-ը դաշտից հանել. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների համատեքստում հանդիպել է քաղաքական վեց ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում` ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության»:

«Ժառանգությունից» հանդիպմանը մասնակցել են խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրանց հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ քննադատել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով չի բացառել կուսակցությունից վերջիններիս հեռացման հարցի քննարկումը:

Armlur.am-ը նշվածի առնչությամբ զրուցեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյան, հաշվի առնելով այն, որ «Ժառանգությունը» դեմ է սահմանադրական փոփոխություններին, դրա վերաբերյալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելն ու քննարկում անցկացնելն ի՞նչ նպատակ էր հետապնդում:

-Նախ ասեմ` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մենք ունենք ծրագրային մոտեցում: Այսինքն` մեր կուսակցության ծրագրով ամրագրված է այդ դրույթը` փոփոխություն իրականացնել և խորհրդարանական հանրապետություն դառնալու վերաբերյալ: Դեռևս անցած տարվա գարնանը մենք ներկայացրեցինք առաջարկները, որոնց առկայության պայմաններում մենք բովանդակային քննարկման կմասնակցենք: Դրա հետ կապված` նաև խորհրդաժողով հրավիրեցինք: Մենք ասել ենք, որ ունենք երեք կետ, որին երեկ` հանդիպման ժամանակ, ավելացրինք ևս 2-ը: Եթե իշխանությունը ցույց տա, որ ունի քաղաքական կամք` բարեփոխումներ կատարելու համար, մենք այդ ժամանակ բովանդակային քննարկման կմասնակցենք: Մենք երեկ դրա մասին ենք խոսել, ոչ թե բովանդակային քննարկումների:

-Այսքան ժամանակ պարզ չդարձա՞վ, որ քաղաքական կամքը բացակայում է իշխող կուսակցության մոտ: Հատկապես` ԱԺ-ում բազմիցս բարձրացվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ հարցը, որը ժամանակատար չէր և կարող էր շատ շուտ կատարվել: Սակայն այդպես էլ մնաց թղթի վրա: Երեկ ի՞նչ փոխվեց ևս մեկ անգամ դա բարձրաձայնելուց հետո:

– Դա էլ ենք ասել երեկ ևս մեկ անգամ: Քաղաքական կամքի առկայությունը կերևա առաջարկների ընդունումով: Երեկ մենք այդ առաջարկների շուրջ խոսակցություն ծավալեցինք: Ես կարծում եմ` եթե այդ կամքը կա, դա կարտահայտվի գործերով: Մենք ընդամենը փորձում ենք այս պահին մեր մոտեցումը ներկայացնել: Եվ դա անելը դեռևս չի նշանակում, որ մենք գնում ենք համագործակցության կամ պաշտոնների:

Սերժ Սարգսյանի կողմից հրավերք է եղել, ոչ թե մենք ենք ցանկացել գնալ: Ես հասկանում եմ, որ այս մեծ աղմուկը որոշակիորեն ցույց է տալիս, որ «Ժառանգությանը» շատ մեծ կարևորություն են տալիս: Ես համոզված եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ինչպես շատ այլ դեպքերում է եղել: Դա առաջին անգամ չէ, որ պարզ է դառնում, թե մենք որ հատվածում ենք: Ընդամենը արհեստական աժիոտաժ է ստեղծվել և ինչ-որ ուժեր փորձում են, իրենց կարծիքով, «Ժառանգության»-ը դաշտից հանել, բայց ես արդեն անցել եմ այդ փուլը:

– Ձեր կուսակից Զարուհի Փոստանջյանը բավականin կոշտ քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանի հետ ձեր հանդիպումը: Մասնավորապես` ասել է. «Հավանաբար, գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ»: Նա նաև չի բացառել, որ Ձեզ և Ռուբիկ Հակոբյանին` կուսակցությունից հեռացնելու հարց կդրվի:

– Տիկին Փոստանջյանի նմանատիպ խոսքերը ես չեմ մեկնաբանի: Մենք ունենք կուսակցության վարչություն, որտեղ այդ հարցը կքննարկենք, որից հետո դիրքորոշումը կհայտնենք: Ես չեմ կարծում, որ մեր կուսակցական խնդիրները հանրային քննարկման համար են նախատեսված: Իսկ կուսակցությունից հեռացնելու հետ կապված կասեմ հետևյալը: Եթե կլինի որևէ դեպք, որ ես կուսակցության որոշումը կատարած չեմ լինի, ես պատրաստ կլինեմ ներողություն խնդրել և հեռանալ:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս