18 աշխատակիցների՝ բրուցելոզով վարակվելու առթիվ հարուցվել է քրգործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցներ ընկերության սպանդանոցում կատարված մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման և մսամթերքի մշակման ընթացքում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով հիվանդացել են «Բրուցելոզ» հիվանդությամբ, որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով:

Նյութերով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ  ընկերության առանձին աշխատակիցների կողմից խախտվել են սանիտարահակահամաճարակային կանոնները, որն առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում։

Նախապատրաստված նյութերով ապրիլի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

18 անձ ճանաչվել է որպես տուժող։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ:




Լրահոս