ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՂՈԹՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը քննադատության ենթարկեց նաեւ հայոց բանակում տիրող իրավիճակը՝ խայտառակելով մի շարք սպաների: Ինչպե՞ս է ընդունվել այդ երեւույթը ԱԺ պատգամավորների կողմից:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՀՀԿ-ական ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ
-Պարո՛ն Բադեյան, ինչպե՞ս եք վերաբերում այն երեւույթին, որ հաճախ քննադատում են հայոց բանակը:
-Տարբերություն գոյություն ունի, կա սեւացնելու եւ կա քննադատելու ձեւ: Յուրաքանչյուր արատավոր դեպք արժանի է բացահայտման եւ քննադատության, բայց դա երբեք չի նշանակում, որ պետք է առիթն օգտագործվի սեւացնելու համար: Որովհետեւ եթե մենք չբացահայտենք դեպքերը, չենթարկենք քննարկման եւ քննադատության առարկա չդարձնենք, նշանակում է՝ երեւույթներն արմատախիլ չենք կարող անել: Բայց եթե առիթն օգտագործվում է քաղաքական շահարկումների, պիտակավորումների համար՝ ներկայացնելով, որ մի անտանելի բան է հայկական բանակը, իհարկե դա էլ իր հակազդեցությունն է ունենում:
-Սեւացնել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք. եթե բարձրաձայնվում է, որ բանակում ինքնասպանությունների դեպքերը շատացել են, նշանակում է, որ սեւացնո՞ւմ են բանակը:
-Այդ տեսակ քննադատությունը ծիծաղելի քննադատություն է, իսկ եթե կոնկրետ դեպքը կա ու բացահայտվում է, օրինակ՝ ասվի կոնկրետ այս մարդու նկատմամբ այսպիսի զանցանք է կատարվել, մեղավորները պետք է պատժվեն, դա արդեն կլինի առողջ քննադատություն:
-Եթե այդ ամենի մասին բարձրաձայնում են իրավապաշտպանները, նրանց ազգի դավաճան են համարում, իսկ օրերս Սերժ Սարգսյանը հանդես եկավ նման քննադատությամբ, ուրեմն նա՞ էլ է դավաճան:
-Դա շատ նորմալ է, նշանակում է, որ Սերժ Սարգսյանը աչք չի փակում գոյություն ունեցող թերությունների վրա՝ իհարկե, ունենալով մեկ նպատակ՝ բացառել թերությունները բանակում:
-Բայց նման քննադատություններ հաճախ է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, այդ դեպքում ինչո՞ւ են նրան “հալածում”:
-Ես Արթուր Սաքունցին ո՛չ ճանաչում եմ եւ ո՛չ էլ գիտեմ, թե նա ինչ է ասում, ես չեմ ուզի Ձեր ասածով դատեմ իրա ասածի մասին, այլ կուզենայի իրան լսեի, նոր կարողանայի մեկնաբանել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Տիկի՛ն Մուրադյան, հայոց բանակում տիրող իրավիճակի մասին հաճախ կարելի է քննադատություններ լսել, Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ ամենին:
-Եթե կան խնդիրներ, ուրեմն պետք է այդ խնդիրների մասին խոսել, պետք է բացահայտել խնդիրները, փորձել համատեղ գտնել լուծումներ: Բայց կան այնպիսի արժեքներ, որոնք մեր երկրի համար լուրջ անվտանգություն են ներկայացնում, դրանց մասին պետք է  քիչ խոսենք:
-Իսկ ըստ Ձեզ՝ այդ քննադատողներն ազգի դավաճաննե՞ր են:
-Ես չեմ կարծում, որ մեր երկրում ինչ-որ բան չլուսաբանելու միտումը ճիշտ է, եթե մենք գնում ենք իրավական պետություն ունենալու ճանապարհով, ապա հարցերը պետք է ե՛ւ բարձրաձայնվեն, ե՛ւ քննարկվեն:
-Օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եւս քննադատեց բանակում տիրող իրավիճակը, արդյո՞ք նրա այդ դիրքորոշումը ճիշտ էր:
-Շատ նորմալ եմ վերաբերում, քանի որ երկրի ղեկավարը բոլոր ոլորտների առաջին պատասխանատուն է: Սերժ Սարգսյանի՝ այս վերջին օրերի բոլոր դիտարկումներն ու գնահատականները շատ օբյեկտիվ են:
-Իսկ եթե այդ նույն քննադատությունն անում են իրավապաշտպանները, ինչո՞ւ են նրանց “ազգի դավաճան” որակում:
-Նայած թե քննադատությունն ինչպես են ներկայացնում՝ ուղղելո՞ւ միտումով, թե՞ այլ խնդիր ենք մեր առաջ դրել: Քննադատել, բարձրաձայնել՝ դրանք շատ լայն հասկացություններ են: Ցանկացած մարդ հարցի շուրջ տարբեր տեսակետներ ունի: Մենք չպետք է այդ ամենին գնահատական տանք, պետք է դա թողնենք այն մարդկանց, որոնք այդ ոլորտից հասկանում են եւ պատասխանատու են:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

“Ժողովուրդ” օրաթերթ 06.10.12




Լրահոս