ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին  Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին: Համաժողովի ընթացքում Ս. Սարգսյանն ասել է. «Մեր յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու եւ հավատալու է, որ ճանապարհը, որով գնում է Հայաստանը, միակ անխոցելի եւ հեռուն տանող ճանապարհն է»: Նա նաեւ հավելել է, որ մարդիկ պետք է արդյունքներ տեսնեն, պետք է վստահ լինեն, որ բոլոր իրականացվող գործողություններն այդ նպատակին են ծառայում. «Մարդիկ պետք է հավատան, ուղղակի հավատան»:

ՀԱՐՑ. Սերժ Սարգսյանի այս խոսքերն ինչո՞վ են տարբերվում  2011թ. մարտի 16-ին կայացած խորհրդակցությունից, որի ժամանակ նա ասաց, թե դուք տեղական իշխանիկ չեք, դուք պետք է ծառայեք: Ըստ Ձեզ, ի՞նչ է փոխվել Ս. Սարգսյանի բանավոր ցուցումների արդյունքում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես որեւէ փոփոխություն չեմ նկատել, թեեւ դրանում գուցեւ իմ մեղքի բաժինն էլ կա, որովհետեւ վաղուց չեմ հետեւում ու, առհասարակ, նաեւ լուրջ չեմ վերաբերվում պաշոնյաների հռետորական հարցադրումներին: Ես ավելի շատ հակված եմ տեսնել կոնկրետ գործ եւ ակնհայտ բարեփոխումներ, հատկապես ՏԻՄ ընտրություններում, որպիսիք բացակայում են Հայաստանում: ՏԻՄ-երը հասարակությանը ծառայեցնելը չի ստացվում Հայաստանում, այն գրեթե ամբողջովին քրեականացված մարմին է: Ներկայում միայն խոսք ու զրույցի մակարդակով է իրականացվում այս ամենը, տա Աստված` հասկանան, որ նաեւ գործով է պետք ապացուցել:

ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ
«Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես ոչինչ չի փոխվել, դրանք ցուցադրական ելույթներ են եւ, առհասարակ, կարծում եմ, որ այդ ամենն ավելի շատ արվում է դրսի համար: Միջազգային կազմակերպություններին ցանկանում են ցույց տալ, որ երկրում բարեփոխումներ են իրականացնում, խոստումներ են տալիս միջազգային կառույցներին, որ Հայաստանը  գնում է ժողովրդավարեցման ուղիով: Ներսում որեւէ մեկը չի հավատում իշխանությունների բարեփոխումներին, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա զգում է հակառակ էֆեկտը, թե առողջապահության ոլորտում, հարկային համակարգում ինչեր են կատարվում: Հնարավոր չէ՝ բարեփոխումներ իրականացվող երկրից մարդիկ արտագաղթեն: Նույնիսկ ՀՀԿ-ականները հիմա ծիծաղելի դրության մեջ են ընկել: Ասում են, թե օրենքով պետք է աշխատենք, այսինքն՝ մինչեւ հիմա օրենքո՞վ չէիք աշխատում:

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպե՞ս կարելի է հավատալ մի իշխանության, որը փողով ձայներ է գնում, մեղավորին՝ պարգեւատրում, իսկ անմեղին՝ պատժում: Այս ամենը քաղաքականություն է, որով ուզում են հասարակությանը շփոթեցնել, իսկ մեզ չեն կարող շփոթեցնել: Ձեւականություն է այս ամենը, ուրիշ ոչինչ: Մտածում եմ՝ մի 10 տարի էլ այսպես կլինի, քանի որ ժողովուրդը փող է վերցնում եւ իր ձայնը վաճառում:

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ժողովրդական կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս