Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն օրեր առաջ հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միության հանդեպ հետաքրքրությունն աճում է, եւ որպես օրինակ մատնանշել Թուրքիային: «ԵվրԱզԷՍ-ը մեր բոլոր երկրների համար անհրաժեշտ նախագիծ է: Այն, ինչ տեղի ունեցավ…, մենք ասում էինք, որ կլինեն մարտահրավերներ: Քննադատում են, որ ապրանքաշրջանառությունն անկում է ապրել: Բնականաբար, այն անկում է ապրել, քանի որ անկում է ապրել դոլարը: Սակայն այսօր 40 երկիր հետաքրքրություն է ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ», – նշել է նա:
Ոչ պակաս հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նա ասել է. «Չեխիայի նախագահ Զեմանը նախանշել է Ռուսաստանի ու ԵՄ-ի ընդհանուր ապագան: Նա անգամ չի բացառել, որ ԵՄ-ի երկրները կմտնեն Ռուսաստանի Դաշնության կազմ: Մեր երկիրը քանիցս հայտարարել է տարածաշրջանային երկու միավորումների` ԵՏՄ-ի ու ԵՄ-ի ապագա ինտեգրման հնարավորությունների մասին: Խորհրդակցություններ սկսելու ժամանակն է, քանի որ նման հարցերը լուծվում են տասնամյակների ընթացքում»:
Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի փակ լինելու պարագայում Ղազախստանի նախագահի հայտարարությունը տարակուսելի է. ինչպե՞ս կարող են առեւտուր անել փակ սահմանի դեպքում: Ոչ պակաս տարակուսելի է նաեւ Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը. չէ՞ որ ԵՄ-ն բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նկատմամբ: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռուս հասարակական եւ քաղաքական գործիչ Գեորգի Ֆյոդորովի հետ:
-Պարո՛ն Ֆյոդորով, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Թուրքիան հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությամբ: Դուք տեսնո՞ւմ եք հավանականություն, որ Թուրքիան կանդամակցի ԵՏՄ-ին:
-Այդպիսի հավանականություն իսկապես կա: Աշխարհը գտնվում է գլոբալ վերակազմավորումների փուլում, իսկ Թուրքիան համարվում է տարածաշրջանի խոշոր խաղացողներից մեկը: Այս երկրին շատ երկար ժամանակ պահում էին ԵՄ-ի շեմին, սակայն հիմա նոր գործընթացներ են տեղի ունենում: Չեմ զարմանա, եթե Թուրքիան ապագայում դառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:
-Այդ դեպքում ԵՏՄ-ի ներսում ինչպես կարող են ազատ առեւտուր իրականացնել, երբ Հայաստանը միության անդամ է, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններն էլ փակ են:
-Տվյալ հարցի լուծումը, իրոք, լուրջ խնդիր է: Ներկայիս համաշխարհային քաղաքական եւ տնտեսական համակարգի պայմաններում այս հարցը չի կարող չլուծվել: Հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի նման երկրների ձգտումը, կհայտնվեն նոր հնարավորություններ նույնիսկ ամենադժվար միջազգային վեճերի լուծման համար:
-Հայաստանը կարո՞ղ է որեւէ կերպ խոչընդոտել Թուրքիայի` ԵՏՄ-ին անդամակցությանը:
-Կասկածում եմ: Իհարկե, Հայաստանի կողմից դժգոհություններ կարող են լինել, սակայն չեմ կարծում, թե կսկսի խոչընդոտել այդ գործընթացին:
-ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն էլ հայտարարել է, թե եկել է ԵՏՄ-ի ու ԵՄ-ի ինտեգրացիայի մասին խորհրդակցություններ սկսելու ժամանակը: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-Իհարկե, այսպիսի ցանկություններն ու Եվրոպային ընդառաջ գնալը շարունակում են մնալ Ռուսաստանի ղեկավարության` վերջին տարիների գլխավոր նպատակը, սակայն այսօր, ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, այդպիսի վերադասավորումները քիչ հավանական են:
Նաիրա Հովհաննիսյան