Գյումրու բնակիչ 81-ամյա Մկրտիչ Մանուկյանը, ում հոկտեմբերի 28-ին դանակահարել էր հոգեկան խնդիրներ ունեցող որդին, երեկ՝ առավոտյան, հիվանդանոցում մահացել է: Մահվան պատճառը, ինչպես նշում է նրան վիրահատող բժիշկ Ռաֆիկ Տիտիրյանը, կենսական կարեւոր օրգանների ֆունկցիոնալ խանգարումն է: Ավելի վաղ նա մեզ փոխանցել էր, որ դանակահարության հետեւանքով վնասվել են Մանուկյանի լյարդը, փայծաղը, մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Չնայած արյան փոխներարկում արվել էր, այնուամենայնիվ, հիվանդի մոտ առողջական վիճակի լավացում չէր նկատվում: Բացի այդ, նրա մոտ զարգացել էր երիկամային անբավարարություն, ինչի համար նա ստանում էր բուժում: Կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ բժիշկ Տիտիրյանն ասել էր, որ մտավախություն կա, քանի որ մեծահասակները զգայուն են արյան կորստի հանդեպ:
Ավելի վաղ ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբի պետ Վալիկո Իվանյանը մեզ փոխանցել էր, որ հայր եւ որդի Մանուկյանների միջեւ ծագած վիճաբանության պատճառը եղել է որդու՝ ոգելից խմիչք օգտագործելը, ինչը նրան արգելված է, քանի որ այդ տղան ընդամենը 15 օր առաջ է դուրս գրվել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից: Նշենք, որ սույն գործով ՇՄ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին մասով՝ դանակահարություն: Հորը դանակահարած Լ. Մանուկյանը ձերբակալված է:
ՄԱՀԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ