ԾԱԾԿԱԴՄՓՈՑ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա փետրվար ամսից դեռեւս «Չորրորդ իշխանություն» թերթի էջերում հետեւողականորեն լուսաբանեցի Սեւանի ափամերձ տարածքներում  կատարված ու չկատարված մարքման աշխատանքների ընթացքը եւ ամիսներ հետո հասա նրան, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը մի շարք քրեական գործեր հարուցեց` իմ հրապարակումների հիման վրա: Վերջին ամիսներին նույն հետեւողականությամբ գնացի նաեւ քրեական գործերի հետեւից եւ պարզեցի, որ օգոստոս ամսից հարուցված գործերի շրջանակներում, առ այսօր որեւէ մեկը չի պատժվել: ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԱյսուհետ «Ժողովուրդ»-ի էջերում կշարունակեմ իմ լրագրողական հետաքննությունը` Սեւանի խնդրի վերաբերյալ (շարունակում եմ մանրակրկիտ ձեւով հետեւել լճի շուրջ տեղի ունեցող ցանկացած քայլի) եւ պարբերաբար կներկայացնեմ կատարված ու չկատարված գործերի ողջ ընթացքը: Այնպես որ  Արամ Հարությունյանին (բուլկի Արամ), «Սեւան» ազգային պարկի տնօրեն, նախկին ոստիկան Աշոտ Գնդոյանին եւ մյուս պատասխանատուներին չի հաջողվի խուսափել կատարելու իրենց պաշտոնական պարտականությունները, որի համար աշխատավարձ են ստանում: Բայց այս հրապարակմամբ առավել կկենտրոնանամ քրեական գործերի վրա` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին զգուշացնելով, որ իրենց ու իրենց գերատեսչությունների ու ենթակաների գործունեության հետեւանքով դառնում են հանցակից` մեր ազգային հարստություն համարվող Սեւանա լճի ոչնչացման հարցում:ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՆՑԱՆՔԻսկ այժմ փաստերի մասին. ՀՀ գլխավոր դատախազությունը անցած տարվա սեպտեմբեր ամսին  տարածեց պաշտոնական հաղորդագրության` տեղեկացնելով, որ «Մամուլի հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում, դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով` ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ»: ՀՀ գլխավոր դատախազությունը պարզել էր, որ Սեւանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներն իրականացրած «Տրի Գրեն» եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ՍՊ ընկերությունների կատարած աշխատանքները չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրին: Այսինքն` «տեխնիկական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել համապատասխանաբար` 86,5 եւ 331 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման եւ տեղափոխման աշխատանքներ»: Այս ձեւակերպմամբ դատախազությունը հաստատել էր այն, ինչի մասին ամիսներ շարունակ գրել եմ. մարդիկ գումարները ծախսել են, բայց աշխատանք չեն կատարել կամ, մեղմ ասած, թերի են կատարել: Բայց միայն այդքանով չէր սահմանափակվել դատախազությունը: Այդ մարմինն ունենալով օրենքով իրեն վերապահված ազդեցիկ լծակներ, առավելն էր բացահայտել: Պաշտոնապես հայտարարվեց, որ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերության տնօրենը` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին փաստացի հանձնված անտառանյութի խիտ զանգվածի քանակությունը ներկայացված կատարողական ակտերի տվյալներին չհամադրելով, հաստատել է «Տրի Գրեն» ՍՊ ընկերության կողմից Նորատուսի եւ Սեւանի տեղամասերում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ 2009թ. սեպտեմբեր, հոկտեմբեր, դեկտեմբեր եւ «Հ. Էլոյան եւ որդիներ» ՍՊ ընկերության կողմից` Մարտունու, Վարդենիսի տեղամասերում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ 2009թ. սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների կատարողական ակտերը»Այսպիսի հստակ բովանդակությամբ հայտարարությունից հետո հարուցված քրեական գործն ուղարկվեց ՀՀ ոստիկանության քննչական ծառայություն: Այստեղ քննչական ծառայության ղեկավար Գագիկ Համբարձումյանը, հավանաբար տեսնելով, որ գործի մեջ շատ փող չկա, այն առանց առանձնահատուկ ուշադրության, ուղարկեց Սեւանի մարզային քննչական ծառայություն: Այստեղ արդեն ոնց ցանկացան, այդպես էլ վարվեցին մեր սիրելի Սեւանին առնչվող գործերի հետ: ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ ԷՕրինակ, «Տրի Գրեն» ընկերության նկատմամբ, որը մաքրել էր Նորատուսի հատվածը, հարուցված քրեական գործը քննիչ Էդիկ Պետրոսյանը կարճել է` բավականին հետաքրքիր ու միաժամանակ զավեշտալի` «բողոք չլինելու պատճառաբանությամբ»: Թե ով պետք է բողոքեր, անհասկանալի է մնում. Սեւա՞նը, Սեւանի բնակիչնե՞րը, թե՞ գործը հարուցած դատախազությունը, որ տեր չի կանգնել իր իսկ գրությանը, փաստաթղթում մատնանշված չէ: Ամեն դեպքում «Տրի Գրեն» ընկերության ղեկավար Արթուր Վանյանը, որ, ի դեպ, եղածների միջից, համեմատության կարգով, նորմալ էր իրականացրել իր պարտականությունները (ամենեւին էլ ոչ լրիվությամբ), փաստորեն կարողացել է իր հարցերը լուծել ինչպես ՀՀ բնապահպանության նախարարության, այնպես էլ իրավապահների հետ, դրա համար էլ չեն բողոքել: Իսկ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Արշակյանի մասով որեւէ բան չկա քրգործում: Ու պարզ չէ, թե նա ինչ հիմքով է դուրս մնացել քննչական մարմինների ուշադրությունից: ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷԻսկ ինչ վերաբերում է մյուս ընկերությանը՝ «Հ Էլոյան եւ որդիներ», որը իբրեւ մաքրել էր ափի Վարդենիսի հատվածը (լուսանկարում մաքրված աշխատանքների արդյունքն է.-Թ.Թ.), ապա այս մասով եւս գործը կարճվել է, բայց արդեն դատարանում: Քննիչները քննել, քննել են քրեական գործը, թե ինչ են բացահայտել, ինչը` ոչ, ուղարկել են Ճամբարակի առաջին ատյանի դատարան: Այստեղ էլ Հայաստանի ամենաանկախ դատավոր Սերոբ Մանուկյանը գործը քննել է,  ու արձանագրել, որ պետության կողմից տրամադրված 132 մլն 164 հազար 800 դրամից ընկերության ղեկավար, ծագումով ջավախքցի Հայկազ Էլոյանը հափշտակել է 300 հազար 924 դրամ: Եւ գուցե փորձեր խիստ մեղադրական մի դատավճիռ կայացնել` պետության գումարները յուրացնելու համար, սակայն մեղադրող դատախազ Վահրամ Մարգարյանը հանկարծ որոշել է հրաժարվել մեղադրանքից: Թե ինչ հիմքով է դատախազը գնացել այդպիսի անհեթեթ որոշման, միայն կարելի է տարաբնույթ ենթադրություններ կատարել: Համենայնդեպս մարդը, որն ունի աչքեր եւ մեր երկրի համար որեւէ դրական բան անելու ցանկություն, չէր կարող տեսնել Վարդենիս տանող ավտոճանապարհից երեւացող Սեւանա լճի պատկերը ու ներել այն մարդուն, որը դրա մեղավորն է: Դատախազ Մարգարյանը, տեսնելով (կամ գուցե չտեսնելու տալով) լճափի աղբը, կտրված ծառերի ճյուղերն ու կոճղերը, եղեգներն ու մյուս թփուտները, որոնք ընկերությունը պարտավոր էր մաքրել, ամեն դեպքում որոշել է ներել նրան: Եւ մեղադրանքից հրաժարվելու իր որոշմամբ, Վահրամ Մարգարյանը փաստացի հանցակից է դարձել Սեւանա լճի առնվազն այդ հատվածի այսօրվա ողբալի իրավիճակի համար: Իսկ դատավոր Սերոբ Մանուկյանին էլ այլ բան չի մնացել, քան կարճման վճիռ կայացնելը: Թեեւ չի կարելի ասել, թե ինչ կաներ դատավորը, եթե ամեն ինչ իրենից կախված լիներ: ԲՈՂՈՔՈՒՄ Է «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-ԸԵրբ ՀՀ գլխավոր դատախազությունից էլ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է ասում Սեւանի գործերով վերահսկող դատախազը, ի՞նչ պատճառաբանությամբ են կարճվել քրեական գործերը, պատասխանեցին, թե. «կողմերի հաշտության հիմքով են կարճվել, բացի այդ` ինչքան որ ՀՀ ֆինանսների նախարարության փորձաքննությամբ պարզվել էր, այդ չափով պետությանը հասցված վնասները վերականգնված են»: Այսինքն, եթե մարդիկ թալան են արել ու բերել, հետ են վերադարձրել լափած գումարները, նրանք ենթակա են ներման: Այս տրամաբանության կենսունակությունն է, որ այսօր Հայաստանի ազգային հարստություն Սեւանա լիճը դարձել է ճահիճ` դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով: Եւ եթե որեւէ պաշտոնյա չկա, որը հանդես գա իրավապահ ատյաններում` բողոքողի կարգավիճակից, «Ժողովուրդ»-ը դա կանի: ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆշարունակելի




Լրահոս