Գյումրեցի մի խումբ ակտիվ երիտասարդներ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրու Թատերական հրապարակում: Նրանց միացել էին դաշնակցական երիտասարդներ, տարեց մարդիկ եւ քաղաքում հայտնի մտավորականներ: «Պահանջում ենք մեր ընտրած նախագահին», «Արդարություն», «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով ակցիայի մոտ 70-80 մասնակիցները պահանջում էին իրենց ընտրած նախագահին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Ժառանգություն» կուսակցության մարզային խորհրդի երիտասարդական թեւի նախագահ Եղիշե Շաիրյանի մեկնաբանմամբ՝ բողոքի ակցիայի կազմակերպումը նպատակ ունի գյումրեցիների ձայնը բարձրացնել. «Գյումրեցիներից շատերը ժամանակի սղության, ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում հասնել Երեւան եւ մասնակցել հանրահավաքին: Այս բողոքի ակցիայով մենք ցանկանում ենք նրանց ձայնը բարձրացնել, ասել, թե կոնկրետ ինչ են ուզում, կոնկրետ ինչ են պահանջում էս իշխանություններից ու ինչ ակնկալիքներ ունեն»:
Ակցիայի մասնակիցները ցանկանում են եւս մեկ հանրահավաք կազմակերպել արդեն կոնկրետ արդյունքներից հետո: Ե. Շաիրյանը նշեց, թե իրենց հետագա քայլերը կախված են Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքից ու առաջիկա ընթացքից. «Գյումրեցիները պահանջում են իրենց ընտրած առաջնորդին, գյումրեցին պահանջում է իր նախագահին, որին ինքն է ընտրել ու համոզված է, որ հայ ժողովուրդն է այդ նախագահին ընտրել: Գյումրեցին պահանջում է արդարություն եւ ընտրություններում մեր թեկնածուի հաղթանակի նշմարում»:
«Էս հանրահավաքի նպատակն էն է, որ Սերժը Հայաստանից վտարվի: Դրանք ժողովրդի թշնամի են, պետական հանցագործներ, քայքայում են Հայաստանը: Ժողովուրդը կարծես հավատը կորցրել է, դրա համար այսօր այստեղ այդքան քիչ մարդ է հավաքվել»,-ասաց 70-ամյա Սուրեն պապը:
Բանաստեղծ Արա Արթյանը, որն ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն է եղել, նշում է, թե առաջին անգամ է տեսնում քաղաքացիական հասարակության ծնունդ. «Քաղաքացիական հասարակությունը Գյումրիից ծնվեց, Շիրակի մարզից ծնվեց, ինչի համար ես հպարտ եմ, ու հպարտ պիտի լինենք մենք բոլորս: Սա իսկապես ժողովրդական հաղթանակ է, սա ինչ-որ ձեւական ծափահարություններ չեն, ինչ-որ Մովսեսի անցումը Կարմիր ծովով չէ, Ր. Հովհաննիսյանը յուրաքանչյուր հայի սրտից խոսող մարդ է: Ես ընտրել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին ու վստահ եմ, որ ինքն է Հայաստանի չորրորդ նախագահը»:
Բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին Կենտրոնական հրապարակ: Մինչ նրանք կշարժվեին Թատերական հրապարակից, երթի մասնակիցներին մոտեցան այդտեղ կանգնած ու հանրահավաքի ընթացքին հետեւող մի քանի ոստիկաններ՝ ճշտելու, թե ով է հանրահավաքի կազմակերպիչը: Նշենք, որ Թատերական հրապարակից մինչեւ Կենտրոնական հրապարակ ընկած հատվածում՝ գրեթե ամենուր, փակցված էին՝ «сержик! ТЫ КТО ТАКОЙ ДАВАЙ ДО СВИДАНИЯ…» գրառումով թղթեր:
Գյումրի