Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչություն մի խումբ աշխատակիցների՝ մասնագիտական օրվա կապակցությամբ։
Քաղաքապետի անունից Դավիթ Օհանյանը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել մասնագիտական պարտականությունները մեծ պատրաստակամությամբ, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար։
«Ձեր կատարած գործի մասին, պաշտոնեական բերումից բացի, առօրյայում էլ ենք հաճախ տեղեկանում։ Դուք ձեզ լավագույնս դրսևորեցիք նաև «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների օրերին, որի ընթացքին էլ համընկավ ձեր մասնագիտական տոնի օրը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում դժվարին ու բարձր պատասխանատվությամբ ձեր ծառայությունում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը։ Քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագերով են պարգևատրվել նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության երևանյան ստորաբաժանումների 22 աշխատակիցներ։