Ադրբեջանն ակնհայտ հարձակվում է Հայաստանի վրա. Ֆրանսուա Ռոշբլուան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան անընդունելի է համարել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման առնչությամբ:

«Պատերազմն ինքնին անընդունելի է: Քաղաքացիների վրա կրակելն անընդունելի է: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հրադադարի ռեժիմի առկայության պարագայում զինվորների վրա կրակելը պետք է դատապարտվի»,- նշել է ֆրանսիացի խորհրդարանականը:

Նա ընդգծել է, որ կատարվածն իրեն չի զարմացնում, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանն ինտենսիվացրել է կրակը ԼՂ շփման գծում: «Ես նոր եմ վերադաձել Ղարաբաղից: Ես այնտեղ էի նախորդ կիրակի: Թեպետ այս ամիս չեղա առաջնագծում, սակայն այնտեղի էի մայիսին: Ես տեսա իրավիճակն այնպես, ինչիսին որ կար, լսեցի կողքովս անցնող փամփուշտների ձայնը: Չկար մեկ օր կամ գիշեր, որ Ադրբեջանը չկրակեր ավելի ու ավելի ուժեղ զենքերով: Սպանվում են զինվորներ, իսկ այսօր նրանք կրակում են անգամ քաղաքացիական անձերի վրա: Սա բացարձակապես անընդունելի է»,- «Արմենպրես»-ին ասել է Ռոշբլուան` հավելելով, որ սա ակնհայտ հարձակում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա:

«Ես կոչ եմ անում Ֆրանսիային, նրա կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը` միջամտելու և ճնշում գործադրելու Ադրբեջանի արտգործնախարարության վրա` հորդորելով դադարեցնել այս անընդունելի արարքները: Սա պետք է շատ շտապ արվի: Երբ ես տեսնում եմ, որ որոշ ֆրանսիացի խորհրդարանականներ աջակցում են Ադրբեջանին, ես դա անընդունելի եմ համարում»,- եզրափակեց նա:




Լրահոս