Դրախտիկի դպրոցի համար տնօրեն է «փնտրվում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի 150 աշակերտ ունեցող դպրոցը մոտ 2 տարի է, ինչ տնօրեն չունի: Հավաստագիր ունեցող, մրցույթին ներկայացող հավակնորդներից որեւէ մեկն անցյալ եւ այս տարի չի անցել: Հաջորդ մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ին:

Հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը երկու տարի է արդեն՝ առանց որեւէ հիմնավորման տնօրեն չի ընտրում: Այս պահի դրությամբ դպրոցն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Նազիկ Բաբաքյոխյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս առաջիկայում կմասնակցի հավաստագրման քննության:
Ի դեպ, այս խնդրի շուրջ բազմաթիվ անգամ բարձրաձայնել է նաեւ «Բարեւ Երեւան» ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Նա այս մասին օրեր առաջ նույնիսկ հայտարարություն էր տարածել, որում ասված էր. «Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի` տնօրեն չունենալու մասին ահազանգել եմ մի քանի անգամ, որովհետեւ երկար ժամանակ է՝ դպրոցն անտնօրեն է: Հարց կտաք՝ ինչո՞ւ: Պատասխանում եմ, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը համաձայնության չեն գալիս տնօրենի թեկնածուի հարցում: Առաջին թեկնածուն այդ գյուղում միակ հավաստագիր ունեցող ուսուցիչն էր, ով անցյալ տարի այդպես էլ չընտրվեց, հետո մեկ այլ թեկնածուի ուղարկեցին հավաստագրման քննության, որը մի քանի անգամ չհաջողելուց հետո, վերջապես ստացավ հավաստագիր ու մասնակցեց դպրոցի կառավարման խորհրդի հայտարարած մրցույթին, որը տեղի է ունեցել մարտի 29-ին ու լինելով միակ թեկնածուն՝ չի ընտրվել, որովհետեւ գյուղապետը, ասացեք խնդրեմ, «հավան» չի նրան»:

«Ժողովուրդ»-ը դպրոցի նախկին տնօրեն Կարինե Դանիելյանից տեղեկացավ, որ իր հավաստագիրը մինչեւ 2016 թվականի հոկտեմբերը ուժի մեջ է, սակայն տարիքի պատճառով նա չի կարող տնօրեն աշխատել. «Ես թոշակառու եմ, տարիքս լրացել է, դրա համար էլ դուրս եմ եկել, բայց հիմա դպրոցում որպես ուսուցիչ եմ աշխատում»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Դրախտիկի գյուղապետի տեղակալ Արա Երիցյանի հետ, ով անդրադառնալով խնդրին՝ ասաց. «Մրցույթ է հայտարարված դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար: Անցած եւ այս տարի նույնպես մրցույթ է անցկացվել, երկու թեկնածուներ են եղել, բայց, ցավոք, նրանցից եւ ոչ ոք չանցավ: Մրցույթի հանձնաժողով կա, որի կառավարման խորհուրդի անդամները դեմ են քվեարկել: Ճիշտ է՝ եղել են անդամներ, ովքեր անվավեր կամ կողմ են քվեարկել, բայց հիմնական արդյունքը դեմ էր»:

Իսկ դպրոցի տնօրենի թեկնածուներին գյուղապետի «հավան» լինելու կամ չլինելու հետ կապված էլ մեր զրուցակիցը շտապեց հայտարարել, որ գյուղապետը ընդհանրապես չի խառնվում այս հարցին: «Ի վերջո, որեւէ մեկը պետք է դպրոցի զարգացման վերաբերյալ ծրագիր ներկայացնի: Կոնկրետ ես հանձնաժողովի կառավարման խորհրդի անդամ եմ, բայց արդեն հոգնել եմ այս իրավիճակից: Անընդհատ ձգձգվում է: Մեկի չանցնելը այլ պատճառ ունի, մյուսինն՝ այլ: Պատճառները տարբեր են: Վերջին թեկնածուն առաջին անգամ էր հայտ ներկայացրել, իսկ նախկինը՝ մի քանի: Բայց նրանցից եւ ոչ ոք չանցավ»,- նկատեց Երիցյանը:

Գյուղապետի տեղակալից տեղեկացանք, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նախատեսված նոր մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ին: Արա Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ սա վերջինը կլինի, եւ Դրախտիկի 150 աշակերտ ունեցող դպրոցը, ի վերջո, կունենա երկար սպասված տնօրեն:

«Ժողովուրդ»-ը գյուղապետարանի աշխատակցից հետաքրքրվեց՝ դպրոցի տնօրենի համար թվով որերո՞րդ մրցույթն է անցկացվելու: Այս հարցին պատասխանելու համար Երիցյանը երկար մտածեց, ապա ասաց. «Եթե չեմ սխալվում՝ հինգերորդն է անցկացվելու»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս