Ինչո՞ւ Հովիկ Աբրահանյանն, այնուամենայնիվ, մեկնեց Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգամ քառօրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի եւ մեր մյուս «դաշնակիցների» նվաստացուցիչ պահվածքից հետո ՀՀ իշխանությունները չկարողացան մազաչափ ինքնուրույնություն դրսեւորել եւ հրաժարվել Մոսկվա տեղափոխված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին վարչապետի մակարդակով մասնակցելուց:

Ինչպես հայտնի է՝ այդ նիստը պետք է տեղի ունենար Երեւանում, ապրիլի 7-ից 8-ը: Սակայն ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին հայտարարվեց, որ նիստը հետաձգվում է մինչեւ ապրիլի 13-ը եւ տեղափոխվում Մոսկվա: Այս քայլը ԵՏՄ անդամ երկրները, այսինքն՝ մեր դաշնակիցները, պատճառաբանեցին նրանով, թե իբր եթե այդ նիստը Հայաստանում տեղի ունենա, ապա հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին այն կընկալվի իբրեւ Հայաստանին սատարելու քայլ եւ անհավասարություն կմտցնի կողմերի միջեւ: Այլ կերպ ասած՝ Հայաստանի «դաշնակիցները» նախընտրեցին հանուն ԵՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանին չնեղացնելու չգալ Երեւան:

Այս փաստը հաշվի առնելով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանական վերնախավում ակտիվորեն քննարկվում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու հարցը: Մեր տեղեկություններով՝ հիմնական մոտեցումը եղել է այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չպետք է գնա Մոսկվա: Սակայն մյուս կողմից ընդհանրապես չմասնակցելը եւս համարվել է սխալ: Ըստ այդմ, գերակշռել է այն տեսակետը, որ առավել ճիշտ կլինի, եթե Մոսկվա մեկնի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Հայաստանի «գործընկերներին» հասկացնի, որ նրանց վարքը ամենեւին վայել չէ դաշնակցին: Իսկ Հովիկ Աբրահամյանն, ի ցույց իր «գործընկերների», կարող էր մեկնել Արցախ:

Նախօրեին հենց այս մոտեցումն էր գերակշռում: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, կգնա Մոսկվա: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին պարզ կդառնա՝ այդ քայլը Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ է արվել, թե Սերժ Սարգսյանի հրահանգով: Ամեն դեպքում այն ոչ միայն Հայաստանի շահերից չի բխում, այլեւ ուղղակի հարվածում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը: Ավելին՝ ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի` Մոսկվա մեկնելու գլխավոր դրդապատճառներից է եղել նաեւ ռուսական հնարավոր «հարձակումից» իր եւ իշխանության մնացած բարձրաստիճան ներկայացուցիչների «անվտանգությունն» ապահովելը

: Բանն այն է, որ Հայաստանի կոռումպացված իշխանավորների մեծամասնությունը Ռուսաստանում միլիոնավոր դոլարներ է ներդրել: Եվ եթե ՀՀ ղեկավարությունը համարձակվեր ռուսական կողմին ատամ ցույց տալ, ապա ռուսական մամուլը կարող էր առնվազն փաստերով ցույց տալ, թե ուր են կորել Հայաստանի պետբյուջեի փողերը: Սա կլիներ ռուսական կողմի ամենամեղմ արձագանքը: Չի կարելի բացառել նաեւ այն տարբերակը, որ եթե ՀՀ ղեկավարությունը հանդգնություն դրսեւորեր, ապա ռուսական կողմը կարող էր գործնական քայլեր ձեռնարկել` Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ուղղությամբ:

Այսինքն՝ եթե Հայաստանի կոռումպացված իշխանությունները նախկինում արգելակում էին պետության տնտեսական զարգացումը` ՀՀ քաղաքացիներին դրդելով արտագաղթի, ապա այսօր արդեն դարձել են պետության անվտանգության ուղղակի սպառնալիք:
Ստեղծված իրավիճակում կոռումպացված պաշտոնյաներից ազատվելու խնդիրը դառնում է օրհասական հարց: Իշխանական շրջանակներից ստացվող լուրերը վկայում են, որ Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներից շատերը հույս ունեն, թե Արցախի շուրջ այս լարված վիճակը կանցնի, եւ երկիրը կվերադառնա իր նախկին կենսակերպին:

Այլ կերպ ասած, հույս ունեն, որ իրենք հնարավորություն կունենան նախկինի պես պետական միջոցների հաշվին հարստանալ, եւ հայ հանրության մեծամասնությունն այդ երեւույթի նկատմամբ նույնքան անտարբեր կլինի, ինչպես նախկինում: Ցավոք, մեր իշխանավորները այդպես էլ չեն ընկալում, որ Հայաստանը ապրիլի 2-ից հետո փոխվել է: Այսօր արդեն նույնիսկ իշխանական մամուլն է արձանագրում, որ պետական միջոցներով հարստացող պաշտոնյան պետական դավաճան է:

Հայաստանի հանրային մթնոլորտը փոխվել է, հետեւաբար իշխանավորները եւս պետք է փոխվեն: Սերժ Սարգսյանն առայժմ կարող է ինքը նախաձեռնել այդ փոփոխությունները: Իսկ եթե նա ինքնակամ դա չանի, ապա հանրությունն այդ փոփոխությունները կպարտադրի, ինչը հաստատ շատ ցավոտ կլինի ներկայիս իշխանավորների մեծամասնության համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս