Ապրիլի 18-ին լույս աշխարհ է եկել երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանի երկրորդ զավակը: Երգիչը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երեխային կոչել են իր հոր` ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի եւ վերջինիս հոր անունով` Ռաֆայել-Արտյոմ:
«Ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ, ես էլ միշտ երազել եմ, որ իմ սերունդը շարունակող ունենամ եւ իմացել եմ, որ դա մի օր կատարվելու է, Աստված շնորհելու է ինձ այդ պարգեւը: Ինքս ո՛չ քույր ունեմ, ո՛չ եղբայր, ուստի որդուս ծնունդը մեր ընտանիքի ամեն անդամի համար հատկանշական էր: Յուրահատուկ էմոցիաներով երեխայի ծնունդին սպասում էր հայրս, ում համար կրկնակի հուզիչ էր, որ բալիկը կրեց իր անունը»,- պատմեց Մայքլը:
Հիշեցնենք, որ երգչի առաջնեկն աղջիկ է, որն արդեն 3 տարեկան է. «Դուստրս անհամբեր սպասում է, թե երբ է տեսնելու եղբորը»,-նշեց Մայքլը:
Անդրադառնալով առաջիկա գործնական ծրագրերին` երգիչը տեղեկացրեց, որ ապրիլի 30-ին Ռաֆայել Քոթանջյանն ու ինքը հանդես են գալու բենեֆիսային ներկայացում-համերգով, որը ներառում է դերասանի լավագույն մանրապատումներն ու երգչի լավագույն կատարումները: Համերգը նվիրվելու է Մայքլի նորածին որդուն:
Քանի որ երգիչ-դերասանը հաճախ է լինում Միացյալ Նահանգներում, հարցրինք` արդյոք նա այնտեղ մշտական բնակություն հաստատելու, աշխատելու ծրագրեր ունի. «ԱՄՆ-ի հետ կապված միշտ կան ծրագրեր, բայց այնտեղ ապրելու պլաններ չունենք, գնում-գալիս ենք: Երբ կինս հղի էր, մենք Նահանգներում էինք, բայց քանի որ որոշել էինք, որ որդիս պետք է Հայաստանում ծնվի, վերադարձանք հայրենիք: Ինչ վերաբերում է գործնականին, ասեմ, որ փետրվարին Նահանգներում ընդգրկված էի հայ արտիստների մասնակցությամբ հումորային համերգ-ծրագրում, հիմա այդ նախագիծը վերածվելու է նաեւ հեռուստանախագծի, ուստի մտադիր ենք հանդես գալ այդ երկու ֆորմատում»,-նշեց նա:
Մայքլը, խոսելով իր երաժշտական կարիերայից, նշեց, որ թեեւ այս տարին ժամանակային առումով իր համար բավական սուղ է, մտադիր է առաջիկա երկու ամսվա ընթացքում նոր երգ ձայնագրել, ապա, հանարավոր է նաեւ` մտածի տեսահոլովակ նկարահանելու մասին:
Աննա Բաբաջանյան