Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ այս տարի մեղրի միջին քանակի բերքահավաք է ակնկալվում: Այս մասին տեղեկացրեց մեղվաբույծների ազգային միավորման համանախագահ Արմեն Նազարյանը: «Եղանակային պայմանները թույլ չտվեցին, որպեսզի մեղվաընտանիքները զարգանան: Կարկուտների, քամիների և խոնավության պատճառով մենք զրկվեցինք ծաղկափոշուց: Բայց եղանակային պայմաններն արդեն բարելավվել են, և մենք հույս ունենք, որ կորուստները կվերականգնվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Նազարյանը: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, մեղվաբույծ Կամո Պետրոսյանը իր հերթին մեղվապահներին հորդորեց փեթակները ցածրադիր գոտիներից տեղափոխել բարձրադիր գոտի:
«Եթե փեթակները ցածրադիր գոտիներում են տեղադրված, պետք է բարձրացնել բարձրադիր գոտի: Դա մեղվաբույծներին թույլ կտա ունենալ շատ քանակությամբ մեղր»,ասաց նա: Անրադառնալով հայկական մեղրին՝ Կամո Պետրոսյանը նշեց, որ հայկական մեղրի բարձր որակը պայմանավորված է Հայաստանի բնակլիմայական պայմաններով: «Հայաստանի բարձրության միջին մակարդակը, մթնոլորտային ճնշումը, արևային օրերի քանակը նպաստում են, որպեսզի հայկական մեղրը լինի բարձր որակի»,- նշեց նա: Մեղվաբույծը նաև հիշեցրեց, որ մարդը տարեկան պետք է օգտագործի միջինը 35 կիլոգրամ մեղր: Այս տարի Հայստանում սպասվում է մեկ փեթակից միջինը 10-15 կիլոգրամ մեղր: Մեղրի հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 25-ից: