Ռուսաստան մուտքի արգելքը քաղաքական հայացքների դեմ ուղղված անօրինական քայլ է. Արթուր Սաքունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Արգելքն ուժի մեջ կմնա մինչև 2030 թվականը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այդ որոշումն ակնհայտ ապօրինություն է:

«Սա քաղաքական հայացքների և կարծիքի արտահայտման դեմ արված անօրինական գործողություն է և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում, քանի որ մարդուն չեն թողել այցելություն կատարի իր ծնողի գերեզմանին»,- ասաց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հիմնական խնդիրն այն է, որ առաջին անգամ, փաստորեն, Ռուսաստանն իր կողմից սահմանված նորմերը կիրառեց նաև այլ երկրների քաղաքացիների նկատմամբ, հատկապես ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրի քաղաքացու:

Նշենք, որ Քաղաքագետը տարածել է հայտարարություն, որում ասված է հետևյալը. «Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում»։




Լրահոս