Հայաստանը թեւակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փոթորկել են գրեթե բոլոր մեծուփոքր համայնքները: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում: Սկսենք Գեղարքունիքից:
Այս մարզի սոցիալապես ամենաապահովված համայնքի ղեկավարը եւս հնաբնակ է. Բագրատ Հարությունյանը արդեն որերորդ անգամ նստում է քաղաքապետի աթոռին, սակայն աշխատանքի ակտիվությամբ այդպես էլ աչքի չի ընկնում: Անգամ նրա պաշտոնական կենսագրությունը չկա իր կողմից ղեկավարվող համայնքի պաշտոնական կայքէջում:
Պարզապես իր հարաբերությունները «ճիշտ է» պահում ՀՀԿ վերնախավի հետ ու միայն այդ արժանիքի համար կարողանում վերընտրվել:
Բայց այս անգամ նրա հետ մրցակցության մեջ է մտել Մարտունիում հայտնի գործարար Արմեն Ավետիսյանը: Նա «Արմեն Մար» ՍՊԸ-ի տնօրենն է, արտադրությամբ է զբաղվում եւ որոշել է միայնակ՝ առանց քաղաքական հենարան ունենալու, պայքարել գործող քաղաքապետի դեմ:
Եւ որպեսզի գործող քաղաքապետը «կոտրի» իր մրցակցի ձայները, Ստեփան Դեմիրճյանի կողմից գլխավորվող «Հայաստանի ժողովրդական կուսակցության» անդամ Նորիկ Ավետիսյանին առաջադրել է համայնքի ղեկավարի թեկնածուների շարքում: Ուշագրավն այն է, որ Ն. Ավետիսյանը աշխատում է հենց Մարտունու քաղաքապետարանում, ու դժվար է պատկերացնել, որ Հայաստանում կա գեթ մեկ համայնք, որտեղ այնքան ժողովրդավարական բարքեր են, որ կարող է ենթական իրականում պայքարել ղեկավարի դեմ: Այսպիսով՝ կարելի է ասել որ Նորիկ Ավետիսյանն էլ Բագրատ Հարությունյանի դրածոն է: