Անփորձ տղաներ էին, կնոջս վրա զենք են պահել. հարկայինի նախկին պետը` ավազակային հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Ժամը 03:30-ի սահմաններում 3-4 դիմակավորված անձինք ներխուժել են հարկադիր ծառայության խոշոր հարկավճարումների բաժնի աշխատակից Արա Ստեփանյանի տուն: Վերջինս նախկինում զբաղեցրել է Արմավիրի հարկային տեսչության պետի պաշտոնը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Ստեփանյանը ավազակային հարձակման հետեւանքով էական վնասներ չի կրել: Մասնավորապես, դիմակավորված անձինք հափշտակել են Ստեփանյանի մոտ եղած կանխիկ գումարը, երկու բջջային հեռախոս, ապա դիմել փախուստի:

Նրանք տանը գտնվողներին սպառնացել են հրացանով, իրենց հետ բերված մահակներով: ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ կատարված ավազակային հարձակումը:
Կատարվածի շուրջ զրուցեցինք հարկային տեսչության նախկին պետ Արա Ստեփանյանի հետ, ով հայտնեց, որ տարածված տեղեկությունները, թե ինքը միլիոնների հասնող վնաս է կրել, իրականությանը չի համապատասխանում: Ընդհանուր հաշվով` դրամական վնասները, մեր զրուցակցի փոխանցմամբ, կազմել են 100 հազար դրամ:

Ա. Ստեփանյանը մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ որեւէ մեկին չի կասկածում, ավելին՝ հարձակում իրականացնողներն անփորձ եւ բավականին երիտասարդ են թվացել. «Նրանք նույնիսկ հարվածել չգիտեին, զենքի կիրառման ձեւը չգիտեին: Շատ եմ խղճում այդ տղաներին, վստահ եմ՝ շատ փոքր են տարիքով: Ափսոս, որ այդ 100 հազար դրամի պատճառով մի քանի տարի անազատության մեջ կմնան»,- ասաց Ա. Ստեփանյանը` հավելելով, որ նրանց հայտնաբերելուց հետո ինքը բողոքը հետ չի վերցնի. «Եթե այդ ճանապարհն են բռնել, պետք է պատժվեն»,- ասում է տուժածը:
Վերջինիս վրդովվեցրել է այն, որ լրատվամիջոցներով իրեն մեծահարուստ են ներկայացնում: Իր խոսքով` ինքը ընդամենը 6 ամիս է պաշտոնավարել որպես հարկայինի տեսչության պետ. «Մեր ժողովուրդը մտածում է, որ եթե հարկայինում ես աշխատում, ուրեմն մեծահարուստ ես: Ես հասկանում եմ` ինչն է այդ կարծիքի ձեւավորման պատճառը: Բայց ես ինչի հասել եմ, իմ քրտինքով եմ հասել, իմ սեփական ուժերով: Ախր մեծահարուստ էլ չեմ, հորս տանն եմ ապրում` 50 թվին կառուցած: Դրսից նկարել են, իբր, տեսեք`ինչ լավ տուն է: Չվերանորոգեի՞, հա, մեր տունը: Իմ ամենամեծ վնասն այն է, որ երեք անչափահաս երեխաներս են այդ ամեն ինչը տեսել, կնոջս են հրազենով սպառնացել: Սա՛ է իմ դժբախտությունը»,- շարունակեց ներկայացնել Արա Ստեփանյանը:

Նա հայտնեց նաեւ, որ դիմակավորված անձանց փախչելու պահին իր մայրն է նրանց առջեւում հայտնվել, ու նրան տեսնելուն պես` երիտասարդները հրել են մորը, վերջինս ընկել է բազմոցին. «Ինչ-որ տեղ կարդացի, գրված էր` մահամերձ պառկած եմ, ոսկյա իրեր են գողացել եւ այլն: Չկա նման բան: Ինձ միայն մահակներով են մի քանի անգամ հարվածել, այն էլ այնքան թույլ, որ ես հասկացա՝ անփորձ ու տարիքով բավականին փոքր տղաներ են»:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս