Ինչպես հայտնի է` նոյեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է տեղի ունենար ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վահան Շիրխանյանի ասուլիսը: Սակայն այն տեղի չունեցավ ԱԱԾ կողմից ստեղծված արհեստածին խոչընդոտների արդյունքում: Եվ ահա, Վ. Շիրխանյանը բաց նամակ է ուղարկել ArmLur.am-ի խմբագրություն, որում նա իր խոսքն է ուղղում Սերժ Սարգսյանին: Ըստ երեւույթին՝ Վահան Շիրխանյանը ստորեւ ներկայացված խոսքը պետք է ասեր ասուլիսի ժամանակ: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ դեկտեմբերին եւս ասուլիս է նախատեսվում: Մնում է հուսալ, որ այս անգամ որեւէ խոչընդոտ չի առաջանա:
«Սիրելի լրագրողներ, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք ու եկաք: Ինձ մեղավոր եմ զգում, որ հրավիրեցի ու չհանդիպեցինք: Հայավարի չի: Ներեք ինձ: Պարզապես իմ և ձեր միջև հայտնվել են Հայությունից ու Հայկակականությունից շատ հեռու մարդիկ: Երեխեք ջան, դուք այսօր ներքին ճակատագրի առաջամարտիկներն եք: Եթե այդ գիծը հանձնեք Սերժին, Հայաստանից ոչինչ չի մնա: Պինդ, հաստատակամ և ուժեղ եղեք: Մենք դեռ անպայման կհանդիպենք: Հիմա ես ուզում եմ դիմել Սերժին: Սերժ, դու միակն ես, ում հաջողվել է 23 տարի անընդհատ Հայաստանում զբաղեցնել բոլոր հնարավոր և անհնար բարձրագույն պաշտոնները: Բոլոր պաշտոններում քո պարտականությունը եղել է արդարության, օրինականության և օրենքի գերակայության հաստատումը: Սակայն դու առաջին օրվանից պետականաշինության այս կարևորագույն գործառույթները մի կողմ ես դրել և սկսել անձնական Իմպերիայի կառուցումը: Դու չդիմացար աթոռի եւ դրամի փորձությանը. ինչեւէ:
Հայաստանի և Արցախի հայությանը, այդ շինարարության հասցրած վնասը թվերով ներկայացնել. հաշվարկել հնարավոր չի: Ես չեմ ուզում այս անգամ բացել, քո մեկ պաշտոնից մյուսին անցնելու նրբությունները: Դա հետո: Հիմա դու արդեն ավարտել ես քո իմպերիայի կառուցումը, բայց բացումն անելու ես 17-18-ին: Սերժ, ինչո՞վ ես դու մնալու պատմության մեջ: Լևոնն Անկախ Հայաստանի հիմնադիր նախագահն է, Ռոբերտը նոր հայկական բուրժուազիայի հիմնադիր նախագահն է, իսկ դո՞ւ: Դու շատ կոչումներ ես վաստակել, բերեմ մի քանիսը.
- Արդարության և կոռուպցիայի հիմնադիր նախագահ,
- Արտագաղթի պետական ծրագրի հեղինակ, արտագաղթը հարուցող և հովանավորող նախագահ
- Հավաքականորեն, 400 գյուղ և 21 հայկական քաղաք ոչնչացրած նախագահ
- Վաղվա օրվա, ապագայի հանդեպ ժողովրդի հույսը, հավատը իսպառ ոչնչացրած նախագահ
- Արդարադատության ողջ համակարգը բացարձակ անարդարադատության վերածած նախագահ
- Համահայկական միասնության ծառացումը խափանող նախագահ
- Ողջ ընտրական համակարգը ծաղրի առարկա դարձրած նախագահ (95-ին մասնակի, այնուհետև՝ միանձնյա):
Ես կարող եմ այս բոլորը փաստացիորեն հիմնավորել, իսկ դու կարո՞ղ ես տակից դուրս գալ:
Վազգենի և Դեմիրճյանի մահը քեզ չկանգնեցրեց: Հետևողականորեն ոչնչացրիր նրանց բոլոր ծրագրերը և ժառանգությունը: Ի՞նչ կասեր կամ կաներ Վազգենը, եթե այսօր հանդիպեր քեզ: Ասածներիդ համար հատուցման վախդ քեզ մանյակ է դարձրել: Ամբողջ ժողովուրդը պատանդի վիճակում ես պահում: Մի հատ հրապարակի, թե քանի հազար սպա են վարկի, տոկոսների տակ, քանի հարյուր հազար մարդու գույքն է կալանքի տակ, քանի հարյուր հազար մարդու հեռախոսներն ես գաղտնալսում: Սերժ, ինչ ես անում, հասար նրան, որ ամանօրյա տոնածառն ես արգելում: Ես շատ ուրախ կլինեմ, եթե մի օր փոխվեիր ու դառնայիր 92-ի Սերժիկը, բայց արդարությունից ու ճշմարտությունից դու վերջնականորեն հրաժարվել ես: Որպեսզի դու հատուցման վախից ու սարսափից ազատվես ու հազարավոր քո քանդած, ավերած օջախներին նորերդ չավելացնես, ճիշտ էր Մքաիավելին. – «Երբ տիրակալը տեսնում է, որ հպատակները լցված են բացարձակ ատելությամբ, շտապ պետք է մերձավորների հետ հեռանա: Սիրեք արտագաղթի քո իսկ կառուցած, բետոնած, ասֆալտապատած ճանապարհով և հետդ տար Հայաստանն ամայացնող քո հարյուրավոր ավտոբուսները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի վերադարձնել քո քանդածները և Արցախը պահել ու զարգացնել: Հա, ի դեպ, «Կախարդական փայտիկի» մասին: Իհարկե դու այն չէիր կարող ունենալ: Դա Վազգենինն է և ունի հետևյալ բաղադրիչները.
- Երկրի և ազգի խնդիրների խորն իմաստություն,
- Անմնացորդ և սրտացավ հայրենասիրություն:
- Խիզախություն և վճռականություն:
Այսօր էլ այդ կախարդական փայտիկը վարչապետի գրասեղանի դարակում է:
Միգուցե շատ երկար սպասելուց և տառապելուց է, որ Կարենի խոսքերում երբեմն որսում եմ Վազգենական տոնայնություն: Բայց, քանի դու կաս, «կախարդական փայտիկը» օգտագործվել չի կարողանալու:
Հեռացիր Սերժ, աղքատության մեջ տառապող հայ ժողովուրդը, համենայնդեպս մեծահոգի է, կարող է և ների: Եվ անպայման հետդ տար բոլոր կառույցներում տաքուկ բարուրված Մուկուչյաններին, որպեսզի Հայաստանում գա իշխանության ժողովրդին ծառայող և նրա առաջ պատասխանատվություն կրող մարդիկ: Որպեսզի Հայաստանի դադարի խաբել ինքն իրեն, Ռուսաստանին, Եվրոպային, ողջ Սփյուռքին: Հեռացիր ու հետդ տար ստի, չէ, մշտական ու անամոթ ստի, քո սուպերմեքենայական համակարգը, որը կարող էր ստեղծել միայն կրթվածությունից շատ հեռու, իրեն աշխարհի ամենախելոքը համարող մարդը: Այցելի քո ամայացրած գյուղերը, քաղաքները, անմեղ մարդկանցով լցված դաշտերը, եթե կարողանաս հաղթահարել վախդ, ահ ու սարսափը: Հանդիպիր ժիրայրներին որդեկորույս, կարիքի մեջ խեղդվող մայրերին քո օֆշորավոր, դղյակավոր մանկլավիկների հետ: Միգուցե, մարդկային ինչ-որ բան արթնանա ու ինքդ համոզվես, որ քո հեռանալն է միակ ելքը:
Դու նաև ուրախանալու առիթ ունես: Ինձ բանտարկեցիր առողջ վիճակում, երբ կարողանում էի ժամերով քայլել թոռնիկիս հետ, երբեմն գրկելով: Հիմա չեմ կարողանում քայլել, պարգևել ես թոքի ինֆարկտով, մարմնիս մեջ 30 սմ մետաղական առարկայով, գլխուղեղի վրա տրոմբի գնդիկներով և այլն: Այս տեմպերով եթե գնա, շուտով պատրաստվիր պարգևատրել քննչականի պետ Համբարձումյանին ու էլի մի քանիսին, քո կողմից նրանց առջև դրված՝ ինձ սպանելու խնդիրը պատվով կատարելու համար: Ես առավել քան հանգիստ եմ: Քո հրամանով, քո բանտում սպանվելը շատ ավելի պատվաբեր է քան նույնիսկ թուրքի գնդակից զոհվելը:
Հա, մի խնդրանք: Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր պաշտոնյա կալանավորը ես եմ: Անարդարության, այսինքն քո չափումների մեջ դա չի տեղավորվում: Զավակներից երկուսը գործազուրկ են, մեկն ել վարձով է ապրում: Ուղարկի իմ մոտ 1-2 վարչապետ (դղյակավոր, օֆշորավոր) կամ գոնե Նժդեհի նորագույն ուսմունքի հեղինակներից ԱԺ նախագահ, նման մի բան: Կարո՞ղ է 70 տարեկան հասակումս այդ երիտասարդները ինձ ինչ-որ բան բացատրեն: Միևնույն է, նրանց վերջն այստեղ է, եթե ոչ քո հրամանով, ապա ժողովրդի վճռով:
«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, Վազգենի մշտական զինակից և ուղեկից . Վահան Շիրխանյան»