ՀԱՐՑ. Քույրս ապրում է Եվրոպական երկրում, կորցրել է ծննդյան վկայականը եւ չի կարողանում գալ Հայաստան: Խնդրում եմ ասեք՝ այս դեպքում նա ի՞նչ պետք է անի: Ո՞ւր պետք է դիմի:
Մարինե Միքայելյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետության տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիները ծննդյան վկայականի կրկնօրինակ ստանալու նպատակով կարող են դիմել տվյալ պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ: Միաժամանակ տեղեկացնենք, որ ՔԿԱԳ մարմնի կողմից ծննդյան վկայականի կրկնօրինակ կարող է տրամադրվել նաեւ երրորդ անձանց: Նշված դեպքում երրորդ անձը ՔԿԱԳ մարմին պետք է ներկայացնի իր անձնագիրը, լիազորող անձի (ում վերաբերում է տվյալ ծննդյան գրանցումը) անձնագրի պատճենը, նոտարական կարգով հաստատված եւ միջազգային պայմանագրերով վավերացված (ապոստիլ) ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու համար տրված լիազորագրի բնօրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Լիազորագիրը պետք է թարգմանված լինի հայերեն լեզվով նոտարական կարգով: Թարգմանության ենթակա են նաեւ լիազորողի կամ լիազորված անձի անձնագրերը, եթե դրանք տրված են այլ պետության կողմից: Լիազորագիրը կարող է հաստատված լինել նաեւ օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկի կողմից:
ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ լիազորագրերի վերաբերյալ տեղեկանքներ, քաղվածքներ, ինչպես նաեւ նոտարական գործից պատճեններ (լուսապատճեններ), կրկնօրինակներ տրվում են միայն լիազորած կամ լիազորված անձանց: