2016 թվականի նոյեմբերի 1-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկամսյա կալանքի որոշում է կայացվել Օշական համայնքի բնակիչ 27-ամյա Ալբերտ Մելիքյանի նկատմամբ: Վերջինս, պարզվում է, քրեական աշխարհում հայտնի Գեւորգ Մելիքյանի` Օշականցի Գեւորիկի եղբոր որդին է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը: Ալբերտ Մելիքյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Եվ ահա, ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Մելիքյանը հայտնաբերվել եւ կալանավորվել է: Նա անցած տարվա հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից մարդու առողջության ծանր վնաս հասցնելու մեղադրանքով:
Իսկ ինչում է մեղադրվում Ալբերտ Մելիքյանը
Դեռեւս 2016-ի օգոստոսի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 4 հոգի` Աշտարակի բնակիչներ 40-ամյա Վաչե Մովսիսյանը, 47-ամյա Գեւորգ Գարանյանը, 32-ամյա Ռաֆիկ Ջուլհակյանը եւ 37-ամյա Արման Միրզոյանը: Եվ ըստ պաշտոնապես չհաստատված լուրերի` կատարվածում մեղադրվում է քրեական հեղինակություն Օշականցի Գեւորիկի եղբորորդին` Ալբերտ Մելիքյանը:
Հանցագործությունը կատարելուց հետո Ա. Մելիքյանը դեպքի վայրից փախուստի է դիմել BMW X5 մակնիշի 39 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենայով: Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի 31 VN 333 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են արյան հետքեր:
Հասկանալու համար` որտեղ է հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը, «Ժողովուրդ»-ը կապ էր հաստատել նրա հոր` Սաշա Մելիքյանի հետ: Վերջինս վստահեցրել էր, որ որդու նկատմամբ զրպարտություն է իրականացվում:
-Պարո՛ն Մելիքյան, Ձեր որդին հետախուզման մեջ է: Ի՞նչն է պատճառը:
-Սաղ զրպարտանք ա: Ինքը առողջականով բան ունի, էսա կդզվի ու ինքը կասի` որը որից հետո ա:
-Առողջական ի՞նչ խնդիրներ ունի:
-Դե, հիմա… ես ի՞նչ… ինքը գիտի… Կգա, էդ ժամանակ ամեն ինչ պարզ կլնի: Սաղ սուտ ա…
-Որտե՞ղ է նա հիմա:
-Իրա վիճակը… Մի քիչ առողջականի հետ կապված խնդիրներ կան:
-Նա Հայաստանո՞ւմ է գտնվում:
-Հա՛:
-Կոնկրետ որտե՞ղ է գտնվում Ձեր որդին:
-Հայաստանում չի:
-Իսկ որտե՞ղ է:
-Էստեղ չի: Դրսում ա..
-Դանակահարության մասին է խոսվում… Դուք տեղյա՞կ եք Ձեր որդու մասնակցության մասին:
-Չէ հա, ի՞նչ դանակահարություն: Չկա նման բան… (խմբ. ծիծաղում է): Զրպարտանք ա սաղ: Երեւույթ ա, որը ուզում են իրանց համար օգտագործեն:
-Ովքե՞ր են ցանկանում օգտագործել:
-Ժամանակը ցույց կտա…
-Ձեր որդին թշնամիներ ունի՞:
-Չէ՛, չէ՛: Էդ սաղ սուտ բաներ են: Ես չգիտեմ: Ինքը կգա ստեղ, ու սաղ պարզ կլինի էլի` ումիցա գալիս, խի ա գալիս… Խի են զրպարտանք անում: Ամեն մեկն իրա արածի համար պատասխան ա տալու…
–Իսկ հնարավո՞ր է` Ձեր եղբայրը կապ ունենա տեղի ունեցածի հետ:
-Չէ՛, չէ՛, ո՞նց:
-Նա տեղյա՞կ է կատարվածի մասին:
-Չէ՛, պետք չի…
Դե ինչ, մնում է սպասել քննության ընթացքին եւ հասկանալ՝ ովքեր են «թշնամություն» անում Օշականցի Գեւորիկի եղբորորդու հետ: