Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915թ. տեղահանության մասին օրենքի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան Կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու դիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է հայկական «Ակօս» շաբաթաթերթը:

«Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին «Takvim-i Vekâyi» պաշտոնաթերթում տպագրվելուց հետո: Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների մինչև օրս շարունակվող ազդեցությունը:

Փայլանը դիմումի մեջ ընդգծել է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի ընդունումից հետո Օսմանյան Կայսրությունում բնակվող հայ բնակչությունը ենթարկվել է տեղահանման, բացի այդ այն հայերի, ասորիների, քաղդեացիների, եզդիների և հույների կոտորածի պատճառ է դարձել: Ըստ Փայլանի՝ չնայած 102 տարի է անցել, բայց վերոնշյալ օրենքի հետևանքները Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրվել:

Փայլանը նշել է, որ տեղահանության մասին օրենքի պատճառով բազաթիվ մշակութային արժեքներ ու անշարժ գույք բռնազավթվել է կամ էլ առգրավվել է պետության կողմից:

«Այս օրենքի հարցում որևէ շահարկում կանխելու, «ճշմարտության» բացահայտմանը նպաստելու, ապագա սերունդների՝ Թուրքիայում ազատության և խաղաղության մեջ համատեղ ապրելու հնարավությունն ապահովելու նպատակով, առաջարկում եմ, որ խորհրդարանը ուսումնասիրություն սկսի՝ համաձայն Սահմանադրության 98-րդ, ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդածների»,-ասել է հայ պատգամավորը:




Լրահոս