Երեկ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Սեւանի «ՄիրաԺ» հանգստյան գոտում տեղի ունեցած աղմկալի միջադեպի գործով իրավապահները հարցաքննության էին հրավիրել մահացած Աշոտ Հովհաննիսյանի որդուն, որը եղել է միջադեպի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 30-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Միրաժ» հանգստյան գոտում նավ վարող Աշոտ Հովհաննիսյանի եւ Արգավանդ գյուղի բնակիչ Դավիթ Առաքելյանի միջեւ, որից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացել էր: Այս մասին իմանալով՝ Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած, վիճաբանությանը մասնակցած անձանց հետեւից: Այնուհետեւ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, հասնելով այն ավտոմեքենային, որտեղ գտնվում էր 28-ամյա երիտասարդը, կրակել է վերջինիս գլխին, ով ստացած վնասվածքից մահացել է:
Այս միջադեպի արդյունքում Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն, նա կալանավորվել է: Նախ տեղեկացնենք. իրավապահները պարզել են, որ զենքը, որով Էդգար Հովհաննիսյանը կրակել է Դավիթ Առաքելյանին, իր օրինական որսորդական զենքն է եղել:
Մինչ իրավապահները փորձում են հասկանալ կատարվածի պատճառահետեւանքային կապը, դատաբժշկական փորձագետը տվել էր նախնական եզրակացություն, ըստ որի՝ Աշոտ Հովհաննիսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նրա մարմնի վրա առողջության համար նույնիսկ թեթեւ վնաս պարունակող վնասվածքներ չեն հայտնաբերվել: Բայց մահացած Աշոտ Հովհաննիսյանի հարազատները սպասում են դատաբժշկական փորձաքննության հիմնական եզրակացությանը: Եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի հաստատ իմանալ՝ ծեծելո՞վ են սպանել նավավարին, թե՞ ծեծի ժամանակ ինֆարկտ է ստացել ու մահացել:
Իսկ հիմա անդրադառնանք այս պատմության ամենակարեւոր հարցին. մահացած Դավիթ Առաքելյանի հորեղբոր որդին՝ Սպարտակ Առաքելյանը, հայտնել էր, որ Աշոտ Հովհաննիսյանին չեն ծեծել. «Մենք էդ մարդուն ընդհանրապես չենք կպել»: Մինչդեռ Աշոտ Հովհաննիսյանի հարազատները միանգամայն այլ ցուցմունքներ են տալիս:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մահացած Աշոտ Հովհաննիսյանի հարազատները, որդին եւ դեպքի ականատեսները իրավապահներին պատմել են, թե ինչպես են Աշոտ Հովհաննիսյանին գցել գետնին, ծեծել, ինչն էլ նրա մահվան պատճառն է դարձել:
Այսօր փաստն այն է, որ այս դեպքի առիթով հարուցված քրեական գործով կալանավորվածը միայն Էդգար Հովհաննիսյանն է, որը հոր կորստի ցավից մարդասպան դարձավ:
Քնար Մանուկյան