Բազմիցս խոսվել այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմում հիմնականում սեփական գործից չհասկացող, ոչ քաղաքական անձիք են: Իհարկե բնական է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կազմում նախարար նշանակեց նաեւ իր մերձավորներին՝ այդպես ձեւավորելով սեփական թիմը:
Սակայն այսօր պետք է արձանագրենք, որ Կարապետյանի թիմի անդամներն ամենեւին էլ չարդարացրին իրենց: Ավելին՝ այդ նախարարներն ամեն քայլափոխի շարունակում են հիմնավորել տեսակետը, որ իրենք քաղաքական պաշտոնում պատահական մարդիկ են: Օրինակ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը. դժվար է հիշել, թե վերջին անգամ ե՞րբ է խոսել իր ոլորտի խնդիրների մասին կամ որպես կառավարության անդամ ե՞րբ է որեւէ հարցի շուրջ տեսակետ հայտնել եւ, ընդհանրապես, որքանո՞վ պատկերացում ունի էներգետիկայի բնագավառից: Նրա հետ շփվելու հնարավորություն լրագրողները վաղուց չունեն, էլ ուր մնաց ոլորտի մասին նրա շուրթերից որևէ բան լսելու մասին:
Իսկ որքան ունեցվածք ունի նախարարը. Աշոտ Մանուկյանի հայտարարագրում առկա է մեկ բնակարան, մեկ այլ բազմահարկ շենքում ոչ բնակելի տարածք եւ ավտոտնակ: Մանուկյանն ունի ավտոտնակ, բայց չունի ավտոմեքենա: Նա փոխառությունների արդյունքում մոտ 140 հազար ԱՄՆ դոլարի շահույթ է ստացել: Վերջինս ունի մոտ 7 մլն դրամ եւ 45 հազար ֆունտ ստեռլինգ:
Նաիրա Հովհաննիսյան