Կանխատեսելի ելույթ. Սերժ Սարգսյանին չօգնեցին անգամ աննախադեպ քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումները միանգամայն սպասելի էին. ղարաբաղյան հակամարտություն, հայաստանյան խորհրդարանական ընտրություններ, Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականության ընդլայնում, երբ լինելով ԵԱՏՄ անդամ` ՀՀ-ն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ եւ, ըստ այդմ, շարունակում է բարեփոխումների գործընթացը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այսպես շարունակ:

Բայց մինչ ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանը ելույթ էր ունենում` դրական լույսի ներքո ներկայացնելով վերջին խորհրդարանական ընտրությունները, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին Երեւանում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության միջոցառման ժամանակ միանգամայն այլ տեսակետ է հայտնել` ակնարկելով ընտրությունների հանդեպ հասարակության վստահության պակասի մասին:

Եւ այսպես` Ս. Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀ նոր ԸՕ-ն ընդունվել է տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ:

«Մենք անգամ դիմեցինք աննախադեպ քայլի՝ օրենքում ամրագրելով քվեարկողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակման պահանջ: Դա, ինչպես գիտեք, ընդունված պրակտիկա չէ, հատկապես անհատական տվյալների պաշտպանության տեսանկյունից: Սակայն մենք դա արեցինք՝ ընտրությունների հանդեպ հանրության առավել բարձր վստահությունն ապահովելու համար։

Նոր ընտրական օրենսգրքի կենսունակությունը լավագույնս դրսեւորվեց 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- հայտարարել էր նա:

Մինչդեռ Սվիտալսկին հիշեցրել է, որ ԵՄ-ն մեծ ներդրումներ է արել ՀՀ ԱԺ ընտրությունների կազմակերպման համար` տրամադրելով ավելի քան 7 մլն եվրո: «ԵՄ-ն, ի դեմս մի շարք անդամ երկրների, մասնավորապես Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության, ապահովել է ամբողջ ֆինանսավորման 90 տոկոսը»,- ասել է նա` հիշեցնելով, որ այդ գումարի շրջանակներում ձեռք են բերվել տեսախցիկներ, որոնք թույլ են տվել հետեւել քվեարկության ընթացքին:

Եւ այսքանից հետո Սվիտալսկին թափանցիկ ակնարկներ է հնչեցրել` ասելով, թե հույս ունի մի օր հայաստանցիներին այլեւս պետք չի լինի հրապարակել ընտրողների ցանկերը, տեսախցիկների համար անհանգստանալ, քանի որ վստահությունը այլ կլինի, բարձր մակարդակի վրա կլինի. «Ես հավատում եմ, որ Հայաստանը կքայլի ճիշտ ուղղությամբ»,- դիվանագիտական ակնարկներից հետո փորձել է լավատեսություն հայտնել դեսպանն ու ընդգծել շարունակական ջանքերի անհրաժեշտությունը, կարեւորել մինչեւ նոր ընտրությունները ընտրական օրենսդրությունը բարելավելը: Այլ կերպ ասած` Սվիտալսկին բաց տեքստով հայտարարել է, թե Հայաստանում ընտրությունների նկատմամբ վստահությունը, միեւնույն է, դեռ բարձր մակարդակի վրա չէ անգամ այդ ուղղությամբ աննախադեպ միջոցառումներից հետո:

Պատահական չէ, որ նա իր խոսքում հիշատակել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցի մասին, որտեղ մանրամասն ներկայացված էին խախտումները՝ համատարած ընտրակաշառք, վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրողների նկատմամբ ճնշումներ եւ այլն: Ու որքան էլ իշխանությունները հիմա փորձում են եվրոպացիներին համոզել, թե իրենք հատկապես ԵՄ-ի հետ համաձայանագրի ստորագրումից հետո ժողովրդավարական արժեքների խորացման եւ բարեփոխումների ճանապարհով են ընթանալու, միեւնույն է, նախկինի դառը փորձը դեռ չի մոռացվել, եւ բավարար չափով վստահություն դեռ չկա:

Ի դեպ, հետաքրքրական է նաեւ փաստը, որ ԵԽԽՎ պատվիրակների հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ խոսք է գնացել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ձեռքբերումների մասին, վերջինս ասել է. «2008-ին, երբ ընտրվեցի ՀՀ նախագահ, մենք մեծ մարտահրավերներ ունեինք եւ լարված հարաբերություններ կոնկրետ ԵԽ-ի հետ: Մեզ սպառնում էին պատժամիջոցներով: Դրանից տասը տարի անց խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին: Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում` անկախ նրանից` եվրոպացիներն այդպիսին համարում են, թե ոչ: Մեր համագործակցությունը բխում է մեր համոզմունքից, եւ որեւէ մեկը մեզ չի պարտադրում»,- ասել է Ս. Սարգսյանը:

Նկատենք, սակայն, որ մինչեւ հիմա բացահայտված չեն 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, մասնավորապես 10 հոգու սպանությունը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները: Այս տասը տարվա ընթացքում այդպես էլ չեն հայտնաբերվել ու պատժվել այդ օրվա իրադարձության մեղավորները: Իսկ այսօր ԵԽ-ն 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին մոռացել եւ արդեն Հայաստանի ձեռքբերումների մասին է խոսում` աշխարհաքաղաքական որոշակի նկատառումներից ելնելով. Ս. Սարգսյանը խոստացել էր կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն ու լուծել ԼՂ խնդիրը, նաեւ համաձայնեց ստորագրել ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիրը:

Մեկ ուշագրավ փաստ էլ. Սերժ Սարգսյանն իր ելույթում, այնուհետեւ՝ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտությանը, ասելով, որ այն կարգավորելու ժամանակը վաղուց է հասունացել: «Անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը եւ կատարել նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները։ Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ եւ հաղթահարի արդարության պակասուրդը։

Ես այս հարցում նույնպես միշտ առաջին շարքերում եմ լինելու, որտեղ էլ որ գտնվեմ։ Կողմերը պետք է միասին ստանձնեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը՝ գտնելով փոխզիջումային հանգուցալուծում»,- նշել է նա: Ադրբեջանցի պատվիրակի՝ 90-ականներին ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարման մասին հարցին ի պատասխան էլ ասել է. «Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն երբեք չի անդրադարձել ԼՂ խնդրին:

1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 4 բանաձեւ ԼՂ-ի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, եւ ամեն բանաձեւից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնում ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, բայց ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ 4 բան

աձեւերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործելով իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Մենք, ի պատիվ մեր այն ժամանակվա իշխանությունների, կատարել ենք այդ պարտավորությունը, իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, որ պետք է դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել, եւ ինչպես գիտեք 1994-ին ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործողությունների ազդեցության տակ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս