ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն և շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը: Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման և սպասարկման մշակույթը շարունակում է դիտարկվել որպես փորձի փոխանակման համար հաջող օրինակ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողները՝ մարդիկ, ովքեր արդեն ունեն մասնագիտություն, սակայն հետաքրքրված են բիզնես գործունեությամբ և փորձագիտական հարուստ գիտելիք են ստանում 2015 թվականին ստեղծված, մասնագիտական առաջին հարթակում: Հայաստանի և միջազգային փորձագետների անցած ճանապարհն ուսումնասիրող ուսանողներն ապագայում կարող են սեփական բիզնեսը ստեղծել կամ զբաղվել մենեջմենթով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում, ուսանողներն ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը, ծանոթացել ընկերության կառավարման մշակույթին, նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին:

«Բիզնեսի հաջողությունն սկսվում է կառավարման մոդելի ընտրությունից: Կարևոր են ոչ միայն նոր գաղափարները, մարքեթինգային ճկուն լուծումները, ճիշտ հաշվարկները, ռիսկերն ու հաջողությունները կանխատեսելն ու վերլուծելը, այլև պատասխանատու մոտեցումն ու սպասարկման քաղաքակիրթ մշակույթը: Մրցակցային մեր առավելությունն այդ ամենի հանրագումարի արդյունք է», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում:




Լրահոս