Ինչպես հայտնի է, «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ վերջին օրերին երաշխավորություն ներկայացրին Արցախի հերոս Սամվել Բաբայանի, ինչպես նաեւ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների խափանման միջոցը փոխելու եւ կալանքից ազատելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանից փորձել է պարզել, թե ինչու մինչեւ այդ իրենք հանդես չէին գալիս երաշխավորությամբ:
«Նախկին իշխանության օրոք այդ անձանց դեպքերը որակավորվել էին որպես քրեական հանցագործություններ, եւ այդ դեպքում բավական դժվար էր երաշխավորություն ներկայացնել, երկրորդը` այդ մարդիկ նախկինում չէին դիմել մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր աջակցությունը ցուցաբերել: Այս դեպքում, երբ այլեւս չկա հովանավորչություն, դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չկան, այդ մարդիկ առավել համոզված են իրենց պայքարի արդարացիության մեջ, եւ ճիշտ կլինի, որ իրենք կարողանան ազատ աշխատել եւ ապացուցել իրենց ոչ հանցագործ լինելը»,- ասաց նա: