ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել քրեական գործ՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱԺ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգայի ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված «Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները քարոզչություն են իրականացրել Ապարան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում:
Այդ ընթացքում նույն սուպերմարկետի աշխատակիցը, խոչընդոտելով ընտրությանը մասնակցող հիշյալ անձանց լիազորությունների իրականացմանը, պահանջել է նրանցից հեռանալ, ապա, մերժում ստանալով, վիճաբանել է պատգամավորության թեկնածուների հետ և վերցրել նրանցից մեկի հեռախոսը, ով այդ պահին տեսանկարահանում էր միջադեպը:
Միջադեպից հետո պատգամավորության թեկնածուներին աշխատակիցը հրավիրել է սուպերմարկետ և տևական ժամանակ պարզաբանումներից հետո վերադարձրել է հեռախոսը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: