«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին` Նարեկ Սարգսյանը, Պրահայից վերջերս զանգահարել է իրավապահ համակարգի ներկայացուցիչներից մեկին ու հայհոյախառն սպառնալիքներ տեղացել:
2018թ.-ի հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել էր քրեական գործ` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների իրացնելու, ապօրինի շրջանառության հատկանիշներով:
Այս գործով Նարեկ Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ, եւ հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին` միջազգային հետախուզում:
Արդյունքում, 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդուն` Նարեկ Սարգսյանին, հայտնաբերեցին եւ ձերբակալեցին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Եվ, ահա, հունվար 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր` Նարեկ Սարգսյանի արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա. «Հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը դեկտեմբերի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել»:
Եվ ներկայումս Պրահայի ղեկավարությունը աշխատանքներ է տանում փաստաթղթերի ուսումնասիրման ուղղությամբ: Միայն դրանից հետո կհայտարարվի արտահանձման թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ:
Ու մինչ Պրահայի ղեկավարությունը ստուգումների մեջ է, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Նարեկ Սարգսյանը օրեր առաջ Պրահայի քրեակատարողական հիմնարկից զանգահարել է ՀՀ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկին, ներկայացել է եւ սկսել ոչ հաճելի բառապաշարով զրուցել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է, թե` «դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես»: Այս հայտարարություններից հետո սկսել է ոչ հաճելի բառապաշարով դիմել պաշտոնյային: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ նա իրավապահ համակարգի պաշտոնատար անձին նաեւ ասել է. «Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…» :
Քնար Մանուկյան