Հայաստանում կկայանա խառը մենամարտերի մեծ շոու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն կայացել են «Միքս ֆայթի» մի քանի մրցաշարեր: Այս մրցաշարի՝ Հայաստանում անցկացնելը մեծ ձեռքբերում էր հայկական սպորտի համար: Խառը մենամարտերի այս մրցաշարը կարծես եկավ Հայաստան՝ հագեցնելու հայ երկրպագուների ծարավը: «Միքս ֆայթ» մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը հայ երկրպագուների համար նոր անակնկալ ունի. փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան «Մարզահամերգային» համալիրում կկայանա իսկական մեծ շոու՝ Հայաստանն ընդդեմ Չինաստանի:

Այդ երեկո կկայանա 10-ը մենամարտ, եւ կորոշվի երկու պետություններից ուժեղագույնը. «Մենք համագործակցում ենք չինական WLF հայտնի կազմակերպության հետ: Այս մրցաշարին ամեն մարտիկ չէ, որ կարող է մասնակցել, այստեղ հավաքվում են միայն ուժեղագույնները: Բոլոր մենամարտերն էլ կարեւոր են լինելու, իսկ հավասար հաղթանակների դեպքում կգրանցվի ոչ-ոքի»,-ասել է Վարդան Մնացականյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

«Միքս ֆայթը» իր գրանցած հաջողություններով պատճառ դարձավ արդեն այս մրցաշարի կայացմանը: Վարդան Մնացականյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ մրցաշարի կարեւորության, ինչպես նաեւ նման «երեկոների» շարունակական լինելուն. «Սա անչափ կարեւոր մրցաշար է Հայաստանի համար: Կարծում եմ, որ սա նոր ձեռքբերում է, եւ փետրվարի 22-ին կայանալիք մրցաշարը միակը չի լինելու: Ամեն ինչ կանենք, որ այսպիսի երեկոները շարունակական լինեն: Կարող եմ ասել նաեւ, որ լավ մենամարտով աչքի ընկնողները հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել նաեւ Չինաստանում սպասվող այլ մրցշարերում»:

Հայաստանը այս կարեւոր մրցաշարում ներկայացնելու են հետեւյալ 10-ը մարտիկները՝ Ալբերտ Ամիրջանյան, Գոռ Սարգսյան, Դավիթ Անդրեասյան,Միհրան Ենոքյան, Էդգար Մելքոնյան, Սերգեյ Պողոսյան, Լեւոն Հակոբյան,Հրաչ Համբարձումյան, Հրաչ Մարգարյան եւ Դավիթ Հայրապետյան: Նրանք մենամարտելու են K-1 ոճում:

Բացի վերը նշված 10-ը մենամարտերից, կկայանան եւս 3 մենամարտեր արդեն MMA ոճում, որտեղ Հայաստանը կներկայացնեն Արման Սահակյանը, Կարինե Գեւորգյանն ու Նաիրի Մելիքյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արման Սահակյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է մրցաշարին, ինչպես նաեւ խոսել իր մրցակից Սոսո Քոչիշվիլիի մասին. «Մեծ մրցաշար է սպասվում Հայաստանին: Կարծում եմ՝ այս փետրվարի 22-ին կայանալիք մենամարտերի շոուն կնպաստի խառը մենամարտերի զարգացմանը Հայաստանում:

Սա բացառիկ հնարավորություն է. մտածում ենք՝ հենց այս մրցաշարի շնորհիվ էլ Հայաստանը կարող է ճանաչում ձեռքբերել աշխարհում նաեւ այս բնագավառում: Իմ մրցակիցը շատ ուժեղ է եւ հայտնի, միայն լավը կարող եմ ասել նրա մասին: Ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար, տրամադրված եմ մենամարտին եւ գնալու եմ հերթական հաղթանակիս հետեւից: Մրցաշարում լավ մենամարտողները նաեւ հնարավորություն կստանան Չինաստանում կայանալիք մենամարտերին մասնակցելու, այդ ուղղությամբ նույնպես մտածում եմ եւ այդ փաստ եւս շատ եմ կարեւորում»,-ասել է Արման Սահակյանը:

Մարզահամերգային համալիրում կայանալիք մրցաշարի մուտքը ազատ է լինելու: Այս մասին փաստեց «Միքս Ֆայթ» մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը. «Ամենագլխավոր անակնկալներից մեկն այն է, որ մուտքը ազատ է լինելու, եւ երկրպագուները հնարավորություն կունենան անվճար հետեւելու մենամարտերին: Մենք կարողացանք շատ կարեւոր համագործակցության հասնել չինական հզոր կազմակերպություններից մեկի հետ, եւ հիմա ժամանակն է, որ աշխարհին ապացուցենք՝ ինչ հզոր մարտիկներ ունենք, որոնք կարող են լուրջ նվաճումների հասնել յուրաքանչյուր մրցաշարում: Դեռեւս չեմ կարող ասել՝ որպես հյուր ովքեր են ժամանելու Հայաստան, այդ առիթով բանակցություններ եւս ընթանում են, բայց չեմ ցանկանա մանրամասնել, քանի որ ոչինչ առայժմ պարզ չէ»:

Հիշեցնենք, որ Հայաստանում կայացած վերջին «Միքս ֆայթ» մրցաշարի ընթացքում գլխավոր՝ ISKA INTERCONTINENTAL գոտուն կարողացավ տիրանալ հայազգի Միհրան Ենոքյանը՝ հաղթելով ազգությամբ չեչեն Մաիրբեկ Մեդիեւին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս