Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների շարքում 7 հայ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ՌԴ 200 ամենահարուստ գործարարների 11-րդ վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Ալիշեր Ուսմանովը։

«Մետալինվեստ»-ի, Mail.ru Group-ի և «Մեգաֆոն»-ի ղեկավար Ուսմանովի կարողությունը գնահատվել է 18.6 մլրդ դոլար, և ի տարբերություն նախորդ տարվա՝ այն ավելացել է 1 մլրդ-ով։

Երկրորդ հորիզոնականում է «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր և դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ում հարստությունն ավելացել է 1.1 մլրդ դոլարով՝ հասնելով 17.6 մլրդ դոլարի։

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակը 17.2 մլրդ դոլար ցուցանիշով եզրափակում է Վիկտոր Վեկսելբերգը («Ռուսալ»), որի կարողությունն ավելացել է 2.1 մլրդ դոլարով։

Անդրադառնալով Forbes-ի ցուցակում ընդգրկված հայերին՝ հարկ է նշել, որ վարկանիշային աղյուսակի ամենատարբեր հորիզոնականներում է գտնվում 7 հայ գործարար։

Նրանց թվում առաջինը գործարար, «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր, 46-ամյա Սերգեյ Գալիցկին է (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), ով հայտնվել է ցուցակի 13-րդ հորիզոնականում՝ իր դիրքերը բարելավելով 4 հորիզոնականով։ Մեկ տարում նրա կարողությունն ավելացել է 2.1 մլրդ դոլարով՝ կազմելով 10.3 մլրդ դոլար։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նախորդ տարվա 29-րդ տեղից բարձրացել է 26-րդ հորիզոնական։ 1 տարվա ընթացքում 48-ամյա գործարարի կարողությունն ավելացել է 0.5 մլրդ-ով՝ կազմելով 4.3 մլրդ դոլար։

Հաջորդը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 42-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովն է, ով զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը՝ ի տարբերություն նախորդ տարվա իր դիրքերը բարելավելով 3 հորիզոնականով։ 1 տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 0.2 մլրդ-ով՝ կազմելով  2.6 մլրդ դոլար։

Խաչատուրովին հաջորդում են «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, ովքեր ի տարբերություն 2013թ.-ի՝ անկում են արձանագրել 20 հորիզոնականով։

«Ռեսո Գրուպ»-ի 45-ամյա փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն անցած տարի ունեցել է 0.25 մլրդ դոլարի կորուստ, ինչի հետևանքով 1.1 մլրդ դոլար ցուցանիշով զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը։ Իսկ 99-րդ տեղում գտնվում է նրա եղբայրը՝ «Ռեսո Գարանտիա»-ի տնօրենների խորհրդի 54-ամյա նախագահ Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը ևս 1.1 մլրդ դոլար է։

Հայազգի ամենահարուստ գործարարների շարքում առավել ցայտուն առաջընթաց է գրանցել «Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր, 45-ամյա գործարար Ռուբեն Վարդանյանը, ով 193-րդ տեղից տեղափոխվել է 124-րդ հորիզոնական։ Նրա հարստությունն անցած 1 տարվա ընթացքում ավելացել է 0.35 մլրդ-ով՝ կազմելով 0.85 մլրդ դոլար։

Հայազգի ևս մի գործարար՝ 43-ամյա Ալբերտ Ավդոլյանը, ով Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, գտնվում է 133-րդ հորիզոնականում՝ 0.75 մլրդ կարողությամբ։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ նա արձանագրել է 10 հորիզոնականի վերելք՝ իր կարողությունն ավելացնելով 0.05 մլրդ դոլարով։

Forbes-ի կազմած՝ Ռուսաստանիա մենահարուստ 200 գործարարների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ forbes.ru:




Լրահոս