Դատապարտյալը կոտրել է պատուհանը և ապակու բեկորով վնասել որովայնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայրը` Ռոզան, և հայտնեց, որ որդին ինքնավնասում է արել` ապակու կտորով վնասելով որովայնը:

Դատապարտյալի մոր փոխանցմամբ` որդին այս պահին գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ բուժում է ստանում:

Ինչպես հայտնեց Ռոզա Սմբատյանը, Արթուրը թույլ չի տալիս բժիշկներն իրեն մոտենան և պահանջում է, որպեսզի իրեն տեսակցեն Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանը:

«Որդուս վիճակը ծայրահեղ ծանր է: Բժիշկներին մոտ չի թողնում: Հաստատ գիտեմ, որ հիմա մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Նա ընդամենը տեսակցություն է խնդրել հարազատների հետ, և նրան հոգեբույժն է խորհուրդ տվել հարազատներին տեսակցել, սակայն վարչությունն արգելել է տեսակցություն»,- վրդովված ասաց դատապարտյալի մայրը:

Armlur.am-ին Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը հիմնարկի վարչակազմին ներկայացրել է անօրինական պահանջներ, այնուհետև` ժամը 20:30-ի սահմաններում, կոտրել է պատուհանի ապակին և բեկորով մակերեսային կտրվածք է կատարել որովայնի շրջանում: Ցուցաբերվել է բուժօգնություն: Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: 




Լրահոս