ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, Ի ՎԵՐՋՈ, ՈՐՈՇԵՑ ՄԹԵՐԵԼ ԽԱՂՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղի մոտ լարված իրավիճակ էր. գործարանի առաջ հավաքված Արմավիր եւ Արարատ մարզերի գյուղացիները պատմեցին, որ արդեն հինգ օր է` խաղողով բեռնված մեքենաները գործարանի առաջ սպասում են իրենց հերթին, սակայն այն այդպես էլ չի հասնում: Նրանց խոսքերով՝ Ծառուկյանին պատկանող գործարանի տնօրինությունը հրաժարվում է ընդունել խաղողը` ամենատարբեր, երբեմն անհեթեթ պատճառաբանություններով:

Նկատենք, որ գործարանի մոտ էին հավաքվել անգամ մերժված գյուղացիները, որոնք թեեւ այլեւս հույս չունեին, որ իրենց բերքը կմթերեն, բայց միաժամանակ այլ տարբերակ էլ չունեին: Ծառուկյանի գործարանի տնօրինությունը գյուղացիներին հորդորել էր լրագրողների հետ չխոսել, չբողոքել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խաղողը չեն մթերի: Ու երբ «Ժողովուրդ»-ը այցելեց Մասիս եւ մոտեցավ գործարանին, տնօրինությունը անմիջապես փակեց դռները՝ ընդմիջում հայտարարելով: Այնուամենայնիվ, մենք զրուցեցինք խաղողագործների հետ: «Եթե չէին ընդունելու, թող ճանապարհ դնեին, հետ գնայինք տուն, հազար խնդիր ունենք. կինս պետք է գնա վիրահատության, տանը ո՛չ ալյուր կա, ո՛չ փայտ: Արդեն երեք օր է, ինչ սոված-ծարավ այստեղ թափառում ենք: Իմ ունեցած խաղողի մեջ գործարանի աշխատակիցները երկու փչացած հատիկ գտան ու ասեցին, որ նեխած է, չեն կարող վերցնել: Ախր, մսի մեջ էլ ոսկոր է լինում: Հիմա ո՞ւր գնամ, տո՞ւն: Էրեխեքը սոված են, կտան, կսպանեն»,- զայրացած ասաց այգեվանցի խաղողագործ Աղասի Ստեփանյանը:
Մեկ այլ խաղողագործ էլ նկատեց, որ գործարանի տնօրինությունը միտումնավոր է օրերով սպասեցնում գյուղացիներին, որպեսզի հետո ստուգի խաղողի որակը եւ այն չմթերի. «Ամբողջ տարին չարչարվում ենք, որ հավաքած 5 տոննայից օգուտ ստանանք, ու երկու ճութ վատորակ խաղողի համար հետ են ուղարկում տուն»,- նեղսրտեց խաղողագործը: Նշենք, որ երեկ որոշ գյուղացիներ հայտնվել են ծայրահեղ իրավիճակում: Մասնավորապես` Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Արմեն Ամիրյանը ստիպված է եղել տուն հետ տանել 5 տոննա խաղող, որի մեծ մասը պատրաստվում էր տալ խոզերին որպես կեր:
Հուսահատված խաղողագործները տեսնելով, որ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղի տնօրինությունը ոչինչ չի ձեռնարկում իրենց խաղողը մթերելու ուղղությամբ, փակեցին Երեւան-Մասիս ավտոճանապարհը: Եվ միայն դրանից հետո բողոքող խաղողագործներին մոտեցան Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը եւ գյուղացիներին ուղարկեցին Մխչյանի գինու գործարան:
Armlur.am-ի հրապարակումից հետո Մասիսի գործարան գնացին նաեւ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը: Վերջինս գյուղացիներին կրկին խոստացավ մթերել ամբողջ խաղողը` մինչեւ վերջին հատիկը. «Ժողովուրդ ջա՛ն, մի՛ խառնվեք, մի՛ ուշաթափվեք, այսօր կաշխատենք մինչեւ գիշերը 03.00-ը եւ կմթերենք որակյալ խաղող»,- ասաց նա: Բացի այս՝ նշված պաշտոնյաները գյուղացիներին հորդորեցին 1-2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել, որպեսզի բերքը չորակազրկվի եւ ընկերությունները հասցնեն մթերել այն: Սակայն գյուղացիներն էլ իրենց հերթին պնդում էին, որ չեն կարող խաղողը չհավաքել, քանի որ այն անձրեւոտ եղանակի պատճառով փչանում է:
ԳՆ փոխնախարար Սամվել Գալստյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ խաղողի մթերման գործընթացը կարգավորվում է: Եվ, իրոք, արդեն ուշ երեկոյան «Ժողովուրդ»-ը խաղողագործներից տեղեկացավ, որ ե՛ւ Մասիսի գործարանում, ե՛ւ Մխչյանի գինու գործարանում խաղողի մթերման գործընթացը կարգավորվել է, եւ գործարանների տնօրինությունն առանց բացառության մթերում է բոլորի խաղողը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս