«Քննարկվեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, քննարկվեցին բազմաթիվ հարցեր, նաև՝ ԲՀԿ հայտարարությունը»,- լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկված հարցերը, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություներին, թե իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում ևՀայաստանը գնում է կործանման, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հայաստանում կառավարությունը փոխում է մի սուբյեկտ՝ Հայաստանի քաղաքացին, ժողովուրդը: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ նա համագործակցում էր նախկին իշխանությունների հետ երկար տարիների ընթացքում և նման հայտարարություններով, միգուցե, ինչ-որ սակարկումների, ինչ-որ խոսակցությունների, ինչ-որ բաների սկիզբ էր դնում:
Այս պարագայում՝ սա այդ դեպքը չի, իսկ մնացածի հետ կապված՝ մենք շատ շուտով կտեսնենք` ինչ կլինի քաղաքական դաշտում և համացանցում տեղ գտած ասեկոսեների վերաբերյալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ նրանք, ովքեր պահանջում են վարչապետի, կառավարության հրաժարականը, արդյոք այդ բոլոր ուժերը պայմանավորվածությա՞ն են հանգել՝ մեկ ճակատով գրոհ կատարել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ ցանկանում է, որ նրանք բոլորը մի տեղ հավաքվեն և նրանց բոլորի համար հստակ լինի, թե ով՝ ով է: