Քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության նիստը:
Նիստում քննարկել ենք հունիսի 16-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը, այդ թվում՝ դատախազի միջնորդությունը: Այդ մասին նիստից հետո լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ դատախազի միջնորդության վերաբերյալ խմբակցությունը կայացրել է որոշում, այն կհայտնեն վաղը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ:
Նա հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունն իրավական գործընթաց է և չպետք է դրան քաղաքական երանգ տալ:
«Մենք՝ որպես ԱԺ պատգամավորներ, գործեր չենք քննում, իրավապահները պետք է գործերը քննեն և բոլոր փաստերը համադրելով՝ որոշում կայացնեն»,- ասաց Մակունցը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային Ժողով: Դրանցից մեկով նա առաջարկում է համաձայնություն տալ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն, իսկ մյուսով նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: