«Բարձունքը նվաճված է, զիջում չի լինելու»․ Ադրբեջանին պարտադրված հրադադարը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սամանին լարված իրավիճակ էր: Պետական սահմանի հյուսիսարեւելյան` Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ էր իրականացնում, որի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ եւ 10 վիրավոր ունեցավ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Իսկ Ադրբեջանը պաշտոնապես 12 զոհ ունեցավ, որոնց մեջ կային գեներալ ու գնդապետ:

Իսկ ի՞նչ վիճակ է սահմանին այսօր: Երեկ Տավուշի մարզում ստեղծված Տեղեկատվական շտաբում ճեպազրույցի ժամանակ Տեղեկատվական շտաբի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ»։ Երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանի եւ Արդբեջանի միջեւ հրադադար է հայտարարվել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ հրադադարի պայմանավորվածության մասով, բայց լինում է իրավիճակ, երբ գիշերները ակտիվությունն ընկնում է. եթե նման ինֆորմացիա ունենանք, մենք կհայտարարենք, կամ կարող է բրիֆինգներից դուրս ԱԳՆ-ն հայտարարել»:
Իսկ պաշտոնական Ադրբեջանն այս ընթացքում լռություն էր պահպանում: Չնայած մայրաքաղաք Բաքվում հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ հակահայկական եւ պատերազմի կոչերով, այնուամենայնիվ, մինչ այժմ ազերիները որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել` իրենց գործողությունների մասով: Միայն հայտնի է, որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել:

Արդյոք դիվանագիտական խողովակներով Ադրբեջանը հրադադա՞ր է աղերսել: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը դժվարացավ որեւէ տեղեկություն տրամադրել: Միայն հայտնի է, որ հայկական դիվանագիտական հատվածն այս օրերին ակտիվորեն աշխատել է, ու թերեւս բանակցություններն են բերել սահմանային խաղաղության, որն էլ ի վերջո հանգեցնելու է հրադադարի: Ադրբեջանն այլընտրանք չունի. բարձունքը նվաճված է, զիջում չի լինելու»:

Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս