«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին եւս փոխել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարության կազմն առաջիկայում լքելու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նաեւ այդ ցուցակում կան ՊՆ փոխնախարարներ, ովքեր պետք է լքեն իրենց պաշտոնները: Իշխանության կարծիքով՝ կառավարության ներկայացուցիչները պատերազմական դրության ժամանակ անգործության են մատնված եղել, ինչի համար էլ պետք է լքեն իրենց պաշտոնները: Բացի այդ, մինչ այս էլ ովքեր հանրության լայն շրջանում ունեցել են ցածր հեղինակություն, պետք է հեռանան։ Խնդիր է դրված։
Նկատենք՝ պաշտոններից ազատումների շարքն արդեն սկսվել է, եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նաեւ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն հենց ԱԳՆ-ում եւս հրաժարականների շքերթ է լինելու:
Արցախում կադրային փոփոխությունները սկսված են։ Նոյեմբերի 12-ին հրաժարական էր տվել արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը։ Մենք տեղեկացանք, որ առաջին հերթին իր պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ դա կոնկրետ Արայիկ Հարությունյանի որոշումն է լինելու, եւ Մայիլյանին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառներից մեկը վերջինիս «պերսոնա նոն գրատա» լինելն է Ռուսաստանի Դաշնության համար: Ինչպես հայտնի է, Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից եւ արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչեւ 2025 թվականի մարտի 11-ը։ Արգելանքի որոշումը կայացվել էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (Ղհը) կողմից, իսկ պատճառը նշվել է, որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Եվ հենց դա է պատճառը, որ նման որոշում է կայացվելու: Ի վերջո, Արցախը չի կարող ունենալ արտաքին գործերի մի նախարար, որը որեւէ երկրի կողմից անցանկալի է, առավել եւս երբ խոսքը վերաբերում է ռազմավարական դաշնակից հանդիսացող եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Մասիս Մայիլյանից, սակայն ապարդյուն: Օրեր շարունակ նրան գտնել չի հաջողվում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը: Որպես դրա հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին: «Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով: Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը», – ասվում է հիմնավորման մեջ: Նկատենք նաեւ, որ բացի այս որոշման նախագիծը, նույն խմբակցությունը դեռեւս նոյեմբերի 11-ին ներկայացրել էր նախագիծ՝ տեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ: Սակայն այդ հարցը քննարկելու համար այդպես էլ արտահերթ նիստ չգումարվեց:
«Ժողովուրդ«օրաթերթը տեղեկացավ, որ սնանկ է ճանաչվել Հայաստանում երկար տարիներ գործող «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը: Տեղեկացնենք, որ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը մինչ այս էր ընկել լուրջ խնդիրների մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ավիաընկերության ինքնաթիռները տեւական ժամանակ կանգնած են մնացել, անգամ լուրեր էին շրջանառվում, որ դրանք կապարակնքվել են (պլոմբվել): Պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսական խնդիրներն են: Բացի այս, համառորեն լուրեր էին շրջանառվում նաեւ այն մասին, որ նշված ընկերության աշխատողներն երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ սնանկության դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտել այս տարվա սեպտեմբերի 15-ին: Նույն դատարանի սեպտեմբերի 23-ի որոշմամբ նշված սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Եղյանը: Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել հայաստանյան առեւտրային բանկերից մեկը, որին ավիաընկերությունը պարտք է շուրջ 5 մլն դրամ: